9 հունվարի 2013 - 12:44 AMT
Հենրիխ Մխիթարյան. Հույս ունենք խաղաշրջանի երկրորդ մասն անցկացնել բարձր մակարդակով

2012-ին «Շախտյորի» լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը մարզումներին վերադառնալուց հետո նշել է, որ ձմեռային հանգիստն օգտակար է եղել թիմի համար: «Եվ մենք հույս ունենք շատ լավ աշխատել, որպեսզի խաղաշրջանի երկրորդ մասն անցկացնենք բարձր մակարդակով և հասնենք արդյունքի: Ինձ շատ թարմացած եմ զգում»,- Մխիթարյանի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Հայ կիսապաշտպանի խոսքով, նա թիմի բազա է ժամանել հունվարի 7-ին և արդեն հասցրել է ուժ հավաքել և պատրաստվել մարզումներին:

2012-ին Մխիթարյանը երկրորդ տարին շարունակ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ. «Միշտ հաճելի է պարգև ստանալ, բայց դրա վրա չի կարելի կանգ առնել, առջևում դեռ շատ աշխատանք կա: Պետք է երկար ճանապարհ անցնել: Ես, իհարկե, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացել են իմ ուժերին և ճանաչել լավագույնը»: