9 հունվարի 2013 - 13:37 AMT
Ձնամաքրման համար մայրաքաղաքում աշխատում է 226 միավոր մեքենասարքավորում

Ձնամաքրման համար մայրաքաղաքում աշխատում է 226 միավոր մեքենասարքավորում, այդ թվում` 56 ձյուն մաքրող, 62 աղցան, մայթ մաքրող 22 և «Բելառուս GSB» մակնիշի 34 տրակտոր։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ գիշերային ժամերին ներգրավվել է ևս 7 գրեյդեր։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հատուկ տեխնիկայի բավարար քանակ ապահովելու համար շինարարական կազմակերպությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փողոցների ու մայթերի մաքրման աշխատանքներում ներգրավվել է լրացուցիչ ևս 52 մեքենասարքավորում։

Առավոտյան տվյալներով՝ մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 300 տոննա աղ և ավելի քան 700մ/խ ավազ։ Փողոցների և մայթերի մաքրմանը զուգահեռ, համապատասխան ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև պայմանագրային կարգով ներգրավված աշխատողների ու երիտասարդ կամավորների ուժերով ընթանում են նաև շքամուտքերի և բակային տարածքների մաքրման աշխատանքներ։