5 հուլիսի 2005 - 08:15 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է հարապետության քաղաքացիներին Սահմանադրության 10-ամյակի կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Ուղիղ տաս տարի առաջ` հուլիսի 5-ին հանրաքվեով ընդունվեց ՀՀ առաջին Սահմանադրությունը: Անցած տարիները ցույց տվեցին, որ մեր Սահմանադրությունը դժվարին ժամանակներում ապացուցեց իր կենսունակությունը: Բայց կյանքը շարժվում է առաջ` առաջադրելով նոր խնդիրներ ու նոր պահանջներ, որոնք նախեւառաջ օրենսդրական կանոնակարգում են պահանջում Երկրի հիմնական օրենքի մակարդակով: Այսօր արդեն ակնհայտ է, որ առաջընթացի համար մեզ պետք են փոփոխություններ հենց Հիմնական օրենքում, որից բխում են երկրի մնացած բոլոր օրենքները: Մենք պետք է իրականացնենք սահմանադրական այնպիսի բարեփոխումներ, որ անհրաժեշտ են մեր ժողովրդին եւ բխում են միջազգային չափանիշներից: Շնորհավորելով անկախ Հայաստանի բոլոր քաղաքացիներին` ՀՀ Սահմանադրության տոնի առիթով, համոզված եմ, որ ինչպես տաս տարի առաջ ընդունված տարբերակը գործուն փաստաթուղթ եղավ մեր ապրած տասնամյակի ծանր ու դժվարին օրերին, այնպես էլ նոր տարբերակը, որ աշնանը կառաջադրվի համաժողովրդական հանրաքվեի, կառաջնորդի մեր երկիրը դեպի քաղաքացիական հասարակություն ու իրավական պետություն»: