5 հուլիսի 2005 - 08:19 AMT
Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ. ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՎ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 10-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄՏԱԾԵԼ ՆՐԱ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորել է հայ ժողովրդին Սահմանադրության 10-ամյակի առթիվ: «Ուղիղ տասը տարի առաջ` 1995թ. հուլիսի 5-ին կողմ քվեարկելով նորանկախ Հայաստանի օրենքին` մեր ժողովուրդն արտահայտել է իրավական պետության եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների արմատավորման իր հաստատակամությունը»,- ասվում է Անդրանիկ Մարգարյանի ուղերձում: Նրա խոսքերով` անցած տասը տարիները ցույց են տվել, որ կյանքի կոչվելով մեր երկրի համար դժվարին ժամանակներում, նորանկախ Հայաստանի Սահմանադրությունը կատարել է իր գլխավոր դերն ու առաքելությունը` նպաստելով անկախ պետականության կայացմանը, երկրի ներքին ու արտաքին կայունության ապահովմանը, քաղաքակիրթ աշխարհի հետ աստիճանական ինտեգրման գործընթացին: «Մեր պետության ու հասարակության զարգացման ընթացքը, կյանքի նոր պահանջները, բնականաբար, առաջադրել են նաեւ հենց իր` Հիմնական օրենքի բարեփոխման անհրաժեշտությունը»,- նշել է վարչապետը: Վերջին տարիներին հանրապետության քաղաքական ուժերի, ամբողջ հասարակության մասնակցությամբ համատեղ ակտիվ աշխատանք է տարվել սահմանադրական բարեփոխումների իրականացման ուղղությամբ` այն միջազգային չափանիշներին համահունչ դարձնելու նպատակով: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ ՀՀ Սահմանադրության ընդունման` աշնանը կայանալիք հանրաքվեի ընթացքում, ինչպես եւ տասը տարի առաջ, Հայաստանի Հիմնական օրենքը լիարժեքորեն կընկալվի եւ աջակցություն կգտնի հանրության կողմից: Ստանալով ժողովրդի քվեն, Հայաստանի նոր Սահմանադրությունը այսուհետ եւս կնպաստի անկախ Հայաստանի Հանրապետության հռչակած հիմնարար սկզբունքների իրականացմանը, մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը, ինչը մեր պետության հետագա բարգավաճման ու հզորացման գլխավոր երաշխիքն է: