9 հունվարի 2013 - 15:36 AMT
9-ամյա Տիգրանին գիշերօթիկ դպրոցում ծեծող դաստիարակի դեմ կարգապահական տույժ է կիրառվել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատասխան գրություն է ստացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցն ինքնակամ լքած 9-ամյա Տիգրան Պապիկյանի գործով։ Գրության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 20-ին սոցիալ մանկավարժական խորհրդի նիստի արդյունքում Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցի դաստիարակի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, իսկ հաստատությունը երեխայի կողմից ինքնակամ լքելու պատճառները հետաքննում է ոստիկանությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

Տիգրան Պապիկյանը Պաշտպանի աշխատակազմի միջամտության շնորհիվ այժմ գտնվում է ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնում, որտեղ ստանում է հոգեբանական, սոցիալական աջակցություն, գտնվում է համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում, ապահովված է սննդով և հագուստով, մինչ պարզվեն երեխայի` գիշերօթիկ հաստատությունից փախուստի բոլոր հանգամանքները:

Տիգրանը Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունից փախել էր դեկտեմբերի 19-ին: Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները երեխային գտել էին Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումի խանութներից մեկում, որտեղ նա պատմել է, որ գիշերօթիկի դաստիարակներից մեկը` ընկեր Լիլիթը, պարբերաբար ծեծել է նրան, ինչի պատճառով էլ նա փախել է գիշերօթիկից: