5 հուլիսի 2005 - 09:27 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՈՒՄԸ
Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը հանդիպել է Իրանի Հորմոզգան նահանգի նահանգապետ Էբրահիմ Դերազմիսուի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հորմոզգան նահանգի հետ Արարատի մարզի տնտեսական փոխգործակցության հաստատմանն առնչվող հարցեր: Էբրահիմ Դերազմիսուն ներկայացրել է իր նահանգի հնարավորությունները եւ նշել, որ ունեն բավականին զարգացած առեւտրա-տնտեսական ենթակառուցվածքներ, ձկնարդյունաբերություն, զբոսաշրջություն, մետալուրգիական եւ նավթամշակման գործարաններ: Կողմերը նախանշել են համագործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առեւտրային կապերը, զբոսաշրջությունը, մրգերի եւ ձկնարդյունաբերական արտադրանքների արտահանումը: Նշենք, որ իրանական պատվիրակությունը Հայաստանում է գտնվում Արարատի մարզի մարզպետ Ալիկ Սարգսյանի հրավերով: Այցի ավարտին հայկական եւ իրանական կողմերը կստորագրեն Հուշագիր` փոխըմբռնման եւ համագործակցության մասին: