9 հունվարի 2013 - 16:32 AMT
Երկաթուղային ռելսերն ապամոնտաժել և իրացրել են

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի կողմից երկաթուղային ռելսերն ապամոնտաժելու և իրացնելու միջոցով յուրացում կատարելու դեպքի առթիվ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենը, օժտված լինելով կազմակերպչական-տնօրինչական, պայմանագրեր կնքելու և մի շարք այլ լիազորություններով, իմանալով, որ իր ղեկավարած ընկերության տարածքում գտնվող 738,5 մետր երկարությամբ և 64 578 060 դրամ արժողությամբ երկաթուղային ռելսերը չեն պատկանում նշված ընկերությանը և հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը, 2006-2012թթ. ընթացքում դրանք ապամոնտաժել և իրացրել է` յուրացնելով գոյացած գումարը` այդպիսով պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից: