9 հունվարի 2013 - 19:31 AMT
ՍԴՀԿ անդամ. Կեղծիքով գրանցեցին նոր ՍԴՀԿ, որպեսզի հայտարարեն, թե այն սատարում է Սերժ Սարգսյանին

Իշխանությունները երկու տարի առաջ կեղծիքով գրանցեցին նոր ՍԴՀԿ, որպեսզի հայտարարեն, թե այն սատարում է Սերժ Սարգսյանին: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նման հայտարարություն արեց Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանը՝ մեկնաբանելով տարածված այն հայտարարությունը, թե գալիք նախագահական ընտրություններում ՍԴՀԿ-ն սատարում է գործող նախագահին:

«Բարով սատարեն: Կարող էին մի 22 կուսակցություն էլ գրանցել, դրանք էլ կսատարեին: Այս իշխանություններն ամեն ինչի կդիմեն: Այս հայտարարության համար նրանք երկու տարի առաջ գնացին ահռելի կեղծիքների»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Նա հիշեցրեց, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու համար մի խումբ մարդիկ առանձնացան Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունից: «Նրանք կեղծ փաստաթղթերով և արձանագրությունով գրանցում ստացան: Արդարադատության նախարարությունը նախապես օրենքում մի այնպիսի փոփոխություն մտցրեց, որ ցանկացած մարդ՝ առանց կնիքի կարող է գնալ և կուսակցություն գրանցել: Դուք կարող եք վաղը պետռեգիստրում գրանցել, որ դուք ՀՀԿ-ի նախագահն եք: Մի քանի կեղծ փաստաթղթեր ներկայացնելով կարող եք դառնալ ՀՀԿ նախագահ»,- նկատեց նա:

Գուրգեն Եղիազարյանը տեղեկացրեց, որ այժմ գործը գտնվում է դատարանում և դեռ որոշում չկա: «Հարցը մեր ժողովրդավարության հիմքերում է: Իսկ այդ մի քանի հոգին կսատարեն, չեն սատարի իրենց գործն է: Նման կուսակցություն գոյություն չունի իրականում»,- եզրափակեց նա: