10 հունվարի 2013 - 10:53 AMT
Գեղարդ Մուսասի. Ինձ համար յուրաքանչյուր հանդիպում կարևոր է, և Կայլի դեմ մենամարտը ոչնչով չի տարբերվում մյուսներից

Հունվարի 12-ին` Strikeforce-ի վերջին շոուի ընթացքում, կիսածանր քաշային կարգում այդ կազմակերպության նախկին չեմպիոն Գեղարդ Մուսասին կմենամարտի Մայք Կայլի դեմ:

Հայ մարզիկը ընդգծել է, որ այդ հանդիպումը դիտում է որպես տիտղոսային մանամարտ, քանի որ պարտության դեպքում շատ կհեռանա չեմպիոնական գոտուց:

«Յուրաքանչյուր մենամարտն էլ կարևոր է ինձ համար և այս մեկը ոչնչով չի տարբերվում մյուսներից: Ես կենտրոնացել եմ մենամարտի վրա. ամեն ինչ ինքներդ կտեսնեք»,-ասել է Մուսասին:

Մարզիկն ասել է, որ օպտիմալ կլիներ 2013-ին անցկացնել ևս 3 մենամարտ` հավելելով, որ չի ընտրում իր հակառակորդներին և պատրաստ է մենամարտելու ցանկացածի հետ:

«Իմ նպատակը տիտղոսը նվաճելն է: Ես չեմ ձգտում լավագույնը լինել` անկախ քաշից: Ես պարզապես ցանկանում եմ գոտի նվաճել միջին կամ կիսածանր քաշային կարգում: Եթե նվաճեմ դրանցից մեկը, ապա մեկ այլ նպատակ կունենամ, օրինակ` չեմպիոն դառնալ երկու քաշային կարգերում: Սակայն այդ ամենն ապագայում: Այժմ ես կենտրոնացել եմ Մայք Կայլի հետ մենամարտի վրա»,-Մուսասիի խոսքը փոխանցոմ է allboxing.ru-ն: