10 հունվարի 2013 - 10:37 AMT
Հովիկ Աբրահամյան. Ադրբեջանն ամեն ինչ անում է բանակցային գործընթացը տապալելու համար

ԼՂ հակամարտության հարցում հայկական կողմի դիրքորոշումը հիմնված է միջազգայնորեն ընդունված երեք սկզբունքների վրա. դրանք են` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, ազգերի ինքնորոշումը և տարածքային ամբողջականությունը: Հունվարի 9-ին Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Անդրե Ֆլաոյի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է այս գործընթացին՝ կառուցելով իր քաղաքականությունը միայն մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա»,- ասել է նա: ԱԺ նախագահի գնահատմամբ` այս մոտեցմամբ հնարավոր չէ խոսել փոխզիջումների մասին:

Հովիկ Աբրահամյանը նշել է նաև, որ Ադրբեջանը, խեղաթյուրելով հակամարտության էությունն ու հետևանքների բուն պատճառները, նաև քայլեր է ձեռնարկում հակամարտության կարգավորման մեջ ներքաշելու այլ միջազգային կազմակերպությունների` փորձելով խոչընդոտել բանակցային գործընթացը և հետապնդելով քարոզչական նպատակներ, ինչը միանգամայն անընդունելի է:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Բելգիայի Սենատի նախկին նախագահ, այժմ Սենատի նախագահի տեղակալ Արման դը Դեկկերը օբյեկտիվորեն գնահատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ու հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ միջազգային հանրության ու Հայաստանի կատարած քայլերը` համոզմունք հայտնելով, որ դրանք պետք է լուծում ստանան բացառապես միջազգային նորմերին ու սկզբունքներին համապատասխան:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 8-ին պաշտոնական հրավերով մեկնել է Բրյուսել, որտեղ հանդիպումներ է ունեցել ԵՄ մի շարք պաշտոնյաների հետ: