10 հունվարի 2013 - 17:03 AMT
Եվրահանձնաժողովը ստեղծել է երրորդ երկրներում ժողովրդավարության աջակցության հիմնադրամ

Եվրահանձնաժողովը Եվրամիության մի շարք երկրների և Շվեյցարիայի հետ միասին հիմնել է երրորդ երկրներում և ԵՄ հարևան երկրներում ժողովրդավարության աջակցության հիմնադրամ, հինգշաբթի օրը հաղորդել է Բրյուսելի Euobserver ինտերնետ-թերթը:

Հիմնադրամի ֆինանսավորման սկզբնական ծավալը, որն արդեն սկսել է իր գործունեությունը, կազմում է 14,2 մլն եվրո: Սպասվում է, որ առաջիկա երեք տարիներին Եվրահանձնաժողովը հաստատությանը կտրամադրի ևս 10 մլն եվրո:

Հիմնադրամը նախատեսված է լրագրողներին, բլոգերներին, չգրանցված ՀԿ-ներին ֆինանսական գրանտեր հատկացնելու համար:

Հիմնադրամը նպատակ ունի աջակցել ժողովրդավարական շարժումներին Ալժիրում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Եգիպտոսում, Վրաստանում, Հորդանանում, Լիբանանում, Լիբիայում, Մարոկկոյում, Մոլդավիայում, Սիրիայում, Ուկրաինայում, ինչպես նաև Պաղեստինում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: