10 հունվարի 2013 - 16:42 AMT
Բավրա-Աշոցք ավտոճանապարհին մոտ 50 ավտոմեքենա արգելափակվել է ձյան մեջ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 16.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Ամասիա-Աշոցք-Գյումրի, Թորոս-Բավրա, Առափի-Հայկավան-Ոսկեհասկ, Թալին-Արթիկ-Ապարան, Վերին Գետաշեն-Մադինա, Ալագյազ-Սպիտակ, Հրազդան-Մեղրաձոր, Հատիս-Զովաշեն, Մեղրաձոր-Հանքավան, Արագածի և Ապարանի միջհամայնքային բոլոր ավտոճանապարհները:

Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Տիգրանաշեն գյուղի «Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածը, Երևան-Գյումրի, Գյումրի-Ցողամարգ, Բերդ-Ճամբարակ, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Երևան-Վանաձոր, Գավառ-Մարտունի-Վարդենիս, Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը, Երևան-Սևան ավտոճանապարհը, ինչպես նաև Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի և Անիի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Ժամը 14.54-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ միայն Բավրա-Աշոցք ավտոճանապարհին մոտ 50 ավտոմեքենա արգելափակվել է ձյան մեջ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ևս փակ է:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց: