11 հունվարի 2013 - 13:50 AMT
Հայաստանում անասնապահության ոլորտի պոտենցիալը ողջ ծավալով չի օգտագործվում

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը Համաշխարհային բանկի հետ միասին իրագործում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» հնգամյա ծրագիրը: Ծրագիրը (2011-2015) նպատակ ունի աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքներին անասնապահական առավել մրցունակ և կայուն համակարգերի ստեղծման հարցում:

«Հայաստանում անասնապահության ոլորտը մեծ պոտենցիալ ունի, որը ողջ ծավալով չի օգտագործվում»,- հունվարի 11-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանը: Նա նաև հաղորդել է, որ Հայաստանում 350 հազար ֆերմերային տնտեսություններից 250 հազարն ընդգրկված են անասնապահության ոլորտում:

Նրա խոսքով, Հայաստանի լեռնային շրջանների հեռավոր արոտավայրերը գրեթե չեն օգտագործվում, իսկ գյուղերի մոտ գտնվող արոտավայրերը ծանրաբեռնված են, որի արդյունքը ցածր արտադրողականությունն է: Դրա հետ կապված փորձագետը պարզաբանել է, որ հեռավոր արոտավայրեր տանող ճանապարհները դժվարանցանելի են, ուստի ծրագրի շրջանակներում նախատեսվում է այդ ճանապարհների բարեկարգումը, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը: Կստեղծվեն նաև կաթի ընդունման և վերամշակման կետեր:

Ինչպես հաղորդել է Գագիկ Խաչատրյանը, ծրագրի շրջանակներում 55 համայքներից 54-ում ստեղծվել են սպառողական կոոպերատիվներ, որոնք զբաղվում են համայնքներից արոտավայրերի, գյուղտեխնիկայի վարձակալությամբ, ստեղծվում են ոչ մեծ վերամշակող արտադրություններ, տարվում են այլ աշխատանքներ:

Առաջարկվող ծրագրի տևողությունը 5 տարի է, ընդհանուր արժեքը նախատեսվում է 21.3 մլն դոլար, որից 16.0 մլն դոլարը` Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության (IDA) վարկ, իսկ 3,5 մլն դոլարը` ՀՀ կառավարության և 1,8 մլն դոլար շահառուների համաֆինանսավորում: Վարկային միջոցները տրամադրվել են արտոնյալ պայմաններով 0,75 տոկոս տարեկան տոկոսադրույքով 20 տարի մարման ժամկետով: Դրանցից 10 տարին` արտոնյալ: