Երևան-Հալեպ չվերթի ավիատոմսերի գումարի վերադարձման հարցով կդիմեն վարչապետին

Երևան-Հալեպ չվերթի ավիատոմսերի գումարի վերադարձման հարցով կդիմեն վարչապետին

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն աջակցության միջգերատեսչական հանձնաժողովի 2013 թվականի առաջին նիստը:

«ՀՀ կառավարությունը նշանակալի փոփոխություններ է իրականացրել իրավաօրենսդրական համակարգում, որի արդյունքում սիրիահայերին հուզող բազմաթիվ հիմնախնդիրներ ստացել են իրենց լուծումները, սակայն շարունակվում է սիրիահայերի հոսքը Հայաստան, ի հայտ են գալիս նոր խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են ենթադրում»- ասել է նախարարը:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և միջին արևելքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը ներկայացրել է ՀՀ գերատեսչությունների կողմից իրականացված աշխատանքները: Հայաստան տեղափոխված սիրիահայերին աջակցելու նպատակով ՀՀ ՍՆ հետ համագործակցում են բոլոր գերատեսչությունները, ինչպես նաև շուրջ 20 համահայկական կազմակերպություններ, հոգևոր կառույցներ, միջազգային կազմակերպություններ: Իր գործունեությունն է շարունակում սիրիահայերի նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության համակարգմամբ ստեղծված «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը: ՀԿ-ի տվյալների բազայում արդեն առկա է շուրջ 1300 սիրիահայ ընտանիքների մասին տեղեկատվություն: Արդեն՝ կարիքավորներին աջակցելու ուղղությամբ տարբեր ձևաչափերով կատարվել են մեծածավալ աշխատանքներ: Հայաստանում բնակվող սիրիահայերին 100 000 ԱՄՆ դոլարի աջակցություն է ցուցաբերել Քուվեյթը: «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական կլոր սեղան» բարեգործական հիմնադրամը իրականացրել է ծրագիր, որի շրջանակներում 200 ընտանիք 4 շաբաթվա ընթացքում ստացել է 20 000 ՀՀ դրամ արժողությամբ կտրոն: Նոյեմբերին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացած ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների, աշխատանք փնտրող սիրիահայերի և պոտենցիալ գործատուների մասնակցությամբ խորհրդակցության արդյունքում բազմաթիվ սիրահայեր գտել են իրենց գործատուներին: Այնուամենայնիվ, ՀՀ սփյուռքի նախարարի խոսքով՝ շարունակում է արդիական մնալ սիրիահայերի աշխատանքի տեղավորման հարցը, որի ուղղությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարությունները շարունակական անելիքներ ունեն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքական ծրագրերի վարչության պետ Գուրգեն Պողոսյանը տեղեկացրել է, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հնարավորություն ունի աշխատանքի տեղավորել շուրջ 30 հաշմանդամ սիրիահայի:

Հայաստանում ներդրումներ անել ցանկացող սիրիահայերը ներկայացրել են ՀՀ գործարար ոլորտի հետ կապված իրենց խնդիրները: Սիրիահայ գործարարների հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո տրված հանձնարարության համաձայն՝ աշխատանքներ են տարվում սիրիահայ ոսկերիչներին աշխատանքային որևէ միասնական տարածք հատկացնելու ուղղությամբ: ՀՀ ԿԱ ՊԵԿ –ի և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ քննարկումներ են իրականացվում սիրիահայ ոսկերիչների գործունեությանն աջակցելու համար: Երևանի մերձակայքում արտադրամասային, ավտոտեխսպասարկման, առևտրի սպասարկման համար տարածք հատկացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը սիրիահայերին առաջարկել է երևանամերձ 3 հնարավոր տարածք:

Զարգացման հայկական գործակալության և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել է սկսնակ գործարարների դասընթաց: Խորհրդակցության ընթացքում ՓՄՁ ԶԱԿ ներկայացուցչի տեղեկացմամբ՝ արդեն իսկ ներկայացվել է 10 ծրագիր, որոնք արժանացել են հավանության և վարկավորման: Առաջիկայում նախատեսվում է դասընթացի երկրորդ փուլի մեկնարկը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել է վերջին ժամանակահատվածում սիրիահայերին հուզող խնդիրները: Բարձրացվել է «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության Երևան-Հալեպ չվերթի ավիատոմսերի գումարի վերադարձման հարցը: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը տեղեկացրեց, որ հարցի լուծումը կապված է միայն «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության կամքից: ՀՀ սփյուռքի նախարարի առաջարկով՝ կնախապատրաստվի համապատասխան գրություն և կներկայացվի ՀՀ վարչապետին:

Քննարկվեց նաև ՀՀ-ում սիրիահայերի հաշվառման անհրաժեշտությունը:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ Արսեն Համբարձումյանը տեղեկացրել է, որ հաշվառումն իրականացվում է առավելագույն պարզեցված տարբերակով և որևէ դժվարություն չի առաջացնում: Ա. Համբարձումյանի խոսքով՝ 2012 թվականին 4736 սիրիահայի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն:

ՀՀ առողջապահության փոխնախարար Հ. Դարբինյանի տեղեկացմամբ շուրջ 1000 սիրիահայ բուժօգնություն է ստացել ամբուլատոր պայմաններում: Նախնական բոլոր հետազոտություններն արվում են անվճար, կատարվում են բոլոր հնարավոր զեղչերը վիրահատությունների դեպքերում: Սրտի 6 վիրահատություն իրականացվել է անվճար:

Նախարար Հ. Հակոբյանը բարձրացրել է նաև դեղորայքի անվճար տրամադրման անհրաժեշտությունը՝ առաջարկելով ծրագրի իրականացման հնարավոր տարբերակներ, որոնք կքննարկվեն առաջիկայում:

Քննարկվել են նաև փաստաթուղթ չունեցող սիրիահայերի՝ ՀՀ տեղափոխման դեքպերը, որին ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը տեղեկացրել է, որ նման դեպքերը բացառիկ են, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալին: Վերջին շրջանում սիրիահայերի կողմից առաջ է քաշվել Վրաստանի սահմանային կետերով տարանցիկ ճանապարհով ՀՀ փոխադրման ընթացքում առաջացած բարդությունները լուծելու հարցը: Ս. Մանասարյանի պարզաբանմամբ նմանտիպ դեպքերը ևս եզակի են և կապված են առանձնահատուկ իրողությունների հետ: Նիստի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարը գերատեսչությունների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել է սիրիահայերի՝ կացարաններով ապահովման հարցի վրա: ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի տեղեկացմամբ Միգրցիոն ծառայությունը ՄԱԿ-ի հետ համատեղ վերանորոգելու է 150 քառակուսի մետր տարածքով շինություն, որում ևս տեղավորվելու են սիրիահայերը: Սփյուռքի նախարարն իրազեկել է, որ կատարվել է ուսումնասիրություն՝ պարզելու մարզերում վարձակալության ենթակա բնակարանների տվյալներն ու հնարավորությունները:

Անդրադարձ եղավ նաև Հայաստանում գտնվող սիրիահայերի կրթության հետ կապված հարցերին: Ամիսներ առաջ հրատապ էր սիրիահայ ուսանողների ուսմա վարձերի վճարման խնդիրը: ՀՀ սփյուռքի նախարարությունը հարցը բարձրացրել է պատկան մարմիններում, ինչի արդյունքում ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել այդ նպատակով երիտասարադրական հիմնադրամին հատկացրել 40 միլիոն դրամ, ևս 13 միլիոն ՀՀ դրամ հատկացրել է Հայաստան Համահայկական հիմնադրամը:

ՀՀ սփյուռքի նախարարը, ամփոփելով նիստը, կարևորել է սիրիահայերի՝ հայաստանյան իրավական ու օրենսդրական համակարգի վերաբերյալ տեղեկացվածությունը, ինչը կհեշտացնի նրանց կենսագործունեությունը Հայաստանում: Որոշվել է թարմացնել սիրիահայերի իրավունքների մասին թերթոնի բովանդակությունը՝ պարբերաբար տեղեկացնելով օրենսդրական փոփոխությունների մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---