8 հուլիսի 2005 - 09:12 AMT
ՀԲ-Ն ԴԺԳՈՀ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-Ի ՎԱՃԱՌՔԻ ՇՈՒՐՋ ԱՌԱՋԱՑԱԾ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻՑ
Համաշխարհային բանկը դժգոհություն է հայտնել այն «գաղտնիքների» վերաբերյալ, որոնցով քողարկված է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի» խմբի մեջ մտնող «Ինտերէներգո» ընկերության «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վաճառքի ընթացքը: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը: Նա տեղեկացրել է, որ ծանոթացել է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի» ֆինանսական հաշվետվությանը, որտեղ կետ կա «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժնետոմսերի 100 տոկոսը 736 մլն դոլարով գնելու մասին: «Ես նաեւ լսել եմ, որ պայմանավորվածություն կա ոչ թե վաճառքի, այլ հավատարմագրային կառավարման փոխանցելու մասին: Այնուամենայնիվ Հայաստանի կառավարությունը այս առնչությամբ որեւէ հայտարարություն չի անում եւ հասկանալի չէ, ՌԱՕ-ն սեփականատեր է թե կառավարիչ»,-հայտարարել է Ռոբինսոնը` հույս հայտնելով, որ հաջորդ շաբաթ տեղեկատվություն կստան, որը «լույս կսփռի այդ իրադարձությունների վրա»: Հիշեցնենք, որ ըստ ռուսական հոլդինգի զեկույցի, «Ինտերէներգո» ընկերությունը ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը 73 մլն դոլարով: Մինչդեռ տեղեկությունները պատրաստվող գործարքի մասին տարածվել է երեւանյան աղբյուրների կողմից դեռեւս ընթացիկ տարվա փետրվարի կեսերին: «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ՓԲԸ-ն 2002 թվականից պատկանում էր բրիտանական Midland Resourses Holding Ltd-ին: Ցանցերը դարձան բրիտանական խմբի սեփականությունը 37 մլն դոլար կազմող գործարքի արդյունքում, որից 25 մլն Midlandy պարտավորվել էր փոխանցել Հայաստանի բյուջեին ցանցերի կուտակած պարտքերի եր աշխատավարձերի դիմաց: Ներկայումս ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիին» Հայաստանում պատկանում է Սեւան-Հրազդանի ՀԷԿ-ը, Հրազդանի ՋԷԿ-ը եւ Հայկական ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերի կառավարումը: 2003 թվականի մայիսին հոլդինգը ստեղծեց «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն Սեւան-Հրազդանի ՀԷԿ-ի կառավարման համար, որը Ռուսաստան է փոխանցվել Հայկական ԱԷԿ-ի համար միջուկային վառելիքի մատակարարման համար պարտքի մարման դիմաց: ՌԱՕ-ն մասնակցում է նաեւ Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը, մասնավորապես ռուսական կողմը նախատեսում է կառուցել Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը, որի շնորհիվ հայկական էլեկտրաէներգիան կառաքվի Իրան ստացված բնական գազի դիմաց, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: