2012 թ. մայրաքաղաքում գրանցվել է 7677 հանցագործություն

2012 թ.  մայրաքաղաքում գրանցվել է 7677 հանցագործություն

PanARMENIAN.Net - Այսօր Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը և տարածքային բաժինները ամփոփել են 2012 թվականի գործունեության արդյունքները: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Ոտիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Խորհրդակցությունը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Հաշվետու շրջանի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը:

2012 թ. մայրաքաղաքում գրանցվել է 7677 հանցագործություն, որը 697 դեպքով կամ 8.3%-ով պակաս է նախորդ տարվանից, այդ թվում՝ ծանր հանցադեպերի քանակը նվազել է 950 դեպքով, իսկ առանձնապես ծանրերը` 305-ով: 921 դեպքով կամ 15.3%-ով նվազել են քրեական հետախուզության գծով հաշվառված հանցագործություները:

Անձի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 452-ով կամ 29.6%-ով, 111 դեպքով աճել են մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը, ծանր մարմնական վնասվածքների թիվը նվազել է 2-ով: Դիտավորյալ սպանությունների թիվը մնացել է անփոփոխ` 19, իսկ սպանության փորձերը նվազելեն 1-ով:

2012 թ. նախկին տարիների կասեցված քրեական գործերով բացահայտման ընդհանուր թիվն աճել է 81-ով կամ 16,8%-ով, ընդ որում վերոհիշյալ բացահայտված գործերից միայն 52-ը կասեցված էին հանցագործություն կատարողի անձը հայտնի չլինելու պատճառով:

Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակաշրջանում Երևան քաղաքում հայտնաբերվել է 179 հանցավոր խումբ՝ 492 անձով, որոնց կողմից կատարվել է 541 հանցագործություն:

Վլադիմիր Գասպարյանը դրական է գնահատել Երևանի կայազորի աշխատանքն անցած տարում և նախանշել 2013 թվականի ծրագրի հիմնական ուղղությունները:

Խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել առարկայական քննարկում՝ մանրամասն վերլուծվել է հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ ստորաբաժանումների իրականացրած գործողությունները, հասարակական հնչողություն ստացած հանցագործությունների բացահայտման ընթացքը, ոստիկանության մայրաքաղաքային կառույցում առկա թերացումներն ու բացթողումները, կադրային, կազմակերպչական և այլ խնդիրներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---