12 հունվարի 2013 - 11:07 AMT
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է Օլիմպիադա-2016-ին նախապատրաստման քառամյա ծրագիրը

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մասնակցել է Օլիմպիական խաղերին ըմբշամարտի ֆեդերացիայի նախապատրաստման քառամյա ծրագրերի քննարկմանը: Ներկայացված ծրագրերը վերաբերվել են, թե հունահռոմեական և թե ազատ ոճի ըմբշամարտերին:

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ներկայացրած ծրագրերի համաձայն, նախատեսվում է 2013-ին իրականացնել ընդհանուր առմամբ 180-220 օր տևողությամբ ուսումնամարզական հավաքներ, որոնք ծառայելու են մի քանի նպատակների՝ մարզիկների ընդհանուր և հատուկ ֆիզ-ֆունկցիոնալ, ինչպես նաև տեխնիկա-տակտիկական պատրաստվածությունների բարձրացմանը, լինելու են նաև մրցումային և վերականգնողական ուսումնամարզական հավաքներ: Հավաքականի անդամները մասնակցելու են տարեկան 4-5 միջազգային մրցաշարերի, դրանք են՝ աշխարհի և Եվրոպայի գավաթների խաղարկությունները, աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, 2013 թվականի Համաշխարհային ուսանողական խաղերը: Քառամյա ծրագրում ընդգրկված են նաև 2014-2015թթ տեղի ունենալիք միջոցառումները, որոնցից առանձնացվել է 2015 թվականին կայանալիք վարկանիշային մրցաշարը, որի ընթացքում նախատեսվում է ձեռք բերել 4-7 վարկանիշեր, ինչը հնարավորություն կտա ըմբիշներին մասնակցել 2016-ի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերին:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքկանի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ներկայացրել է հավաքականի 2013-2016 թթ. ծրագրերը: Նա տեղեկացրել է, որ նախատեսվում է անցկացնել ուսումնամարզական հավաքներ տարեկան առնվազն 130 օր տևողությամբ: Նախատեսվում է հայ ըմբիշների մասնակցությունը տարեկան 5 միջազգային մրցաշարերի: Նրա խոսքերով, ակնկալվում է 2013-2014 թթ. Եվրոպայի առաջնությունում 6 քաշային կարգերում ձեռքբերել առնվազն 2 մեդալ, իսկ աշխարհի առաջնությունում՝ 1 մեդալ: Նա ակնկալում է 2015-ի. վարկանիշային մրցաշարերում ձեռք բերել 3 վարկանիշ, իսկ վերջնարդյունքը կլինի օլիմպիական խաղերից 2 մեդալ բերելը:

Հավաքականների գլխավոր մարզիչներն անդրադարձել են նաև ֆեդերացիայի առջև առկա մի քանի հիմնախնդիրների, մասնավորապես մարզաբազաների բացակայության խնդրին, մարզիկներին անհրաժեշտ բժշկա-հոգեբանական աջակցության բացակայությանը և այլն: