14 հունվարի 2013 - 17:44 AMT
Գիշերօթիկից փախած երեխայի գործն ուղարկվել է ոստիկանության Արաբկիրի բաժին

9-ամյա Տիգրան Պապիկյանի գործով, Մարդու իրավունքների պաշտպանի գրությանն ի պատասխան, ոստիկանության Կենտրոնական բաժնից հայտնել են, որ փաստի կապակցությամբ ստեղծված նյութերը տարածքային ենթակայությամբ ուղարկվել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ կատարվում է հետաքննություն: Նշանակվել է նաև դատաբժշկական փորձաքննություն:

Անչափահաս երեխայի գործով Պաշտպանի աշխատակազմը սպասում է Խնամակալության և հոգաբարձության մարմին ուղարկված գրության պատասխանին:

Հիշեցնենք, որ 2012թ.-ի դեկտեմբեր ամսին Տիգրանը փախել էր Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունից: Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները երեխային գտել էին Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումի խանութներից մեկում, որտեղ նա պատմել էր, որ գիշերօթիկի դաստիարակներից մեկը` ընկեր Լիլիթը, պարբերաբար ծեծել է նրան, այդ պատճառով նա փախել է գիշերօթիկից:

Այս պահին Տիգրանը գտնվում է ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնում: