13 հուլիսի 2005 - 09:41 AMT
ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՏՎՅԱԼ ՊԱՀԻՆ ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ ՈՐԵՎԷ ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎՐԱ
Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մանը (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) մամլո ասուլիս են տվել: Բաքու կատարած այժմյան այցի ժամանակ համանախագահները հանդիպել են նախագահ Իլհամ Ալիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ «Շուշիի եւ Լաչինի շրջանի գործադիր իշխանությունների ղեկավարների հետ»: Խոսելով վերջին տարվա ընթացքում համանախագահների ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ կատարած աշխատանքի մասին` Յու.Մերզլյակովը տեղեկացրել է նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպումների մասին: Բանակցությունների ներկայիս մակարդակը նա անվանել է հուսադրող: Նրա խոսքերով, Պրահայի գործընթացը, ինչպես մամուլում անվանում են բանակցային գործընթացը, աստիճանաբար խորանում է: Հիշեցնելով ընթացիկ տարվա մայիսի 15-ին Վարշավայում կայացած Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման մասին` ռուս համանախագահը դրական է բնութագրել բանակցությունների ընթացքը այդ հանդիպումից հետո, ասելով, թե երկու նախագահները գնահատել են այդ հանդիպումը որպես կառուցողական: Ռուս դիվանագետը չի հաղորդել բանակցություններում քննարկվող հարցերի մասին, բացատրելով դա կողմերի միջեւ պայմանավորվածությամբ առ այն, որ բանակցությունների ընթացքի մասին հաղորդում են իրենք կաղմերը: Յու.Մերզլյակովը այն հարցին, թե կա արդյոք համաձայնություն հակամարտության կարգավորման նպատակով Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու մասին, ոչինչ չի պատասխանել: Բացի այդ, նա չի հաստատել, եւ չի հերքել Հայաստանի պաշտոնական շրջանակներին հղումով տարածված այն տեղեկատվությունը, թե կողմերը միջնորդների հետ միասին քննարկում են կոնկրետ խաղաղ պայմանագիր, «որի համաձայն սկզբում կազատվեն 5 գրավյալ տարածքները, այնուհետեւ Լաչինի շրջանը, որից հետո հանրաքվեի ժամկետը որոշելուց հետո որոշում կկայացվի Քելբաջարի շրջանը ազատելու մասին»: Յու.Մերզլյակովը հայտարարել է, որ ներկայումս համանախագահները չեն աշխատում որեւէ խաղաղ պայմանագրի վրա, այլ հաստատում են միայն կարգավորման ընդհանուր սկզբունքները: Նրա խոսքերով, դժվար է ասել, թե երբ կսահմանվեն այդ սկզբունքները: Ռուս համանախագահը ասել է, թե ադրբեջանական կողմը առաջարկ է արել Աղդամ-Ստեփանակերտ-Շուշի-Լաչին-Գորիս ավտոճանապարհի վերաբերյալ, եւ կարծիք է հայտնել, որ որոշակի փուլում բանակցություններին կարող են միանալ տարածաշրջանի հայկական եւ ադրբեջանական համայնքները, քանի որ տեղի բնակչությունը ավելի լավ գիտի այդ ճանապարհի առանձնահատկությունները: Բ.Ֆասյեն հիշեցրել է վարշավյան հանդիպման ժամանակ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հայտարարությունը խաղաղության կողմնակից լինելու վերաբերյալ: Նա ասել է, որ երկու երկրների ղեկավարությունը հասկանում է հակամարտության խաղաղ կարգավորման, Ադրբեջանի գրավյալ տարածքները վերադարձնելու, փախստականների վերադարձի կարեւորությունը.«Նախագահները հայտարարել են, թե նրանց նպատակը իրենց երկրները զարգացած եւ բարգավաճող տեսնելն է, իսկ դա հնարավոր է կայուն խաղաղության դեպքում: Պետությունների ղեկավարները հայտարարել են նաեւ, որ պահանջները կապված խնդրի լուծման հետ բխում են տարածաշրջանի անվտանգությունից»: Ադրբեջանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին հարցին ֆրանսիացի համանախագահը համոզվածություն է հայտնել, որ դրանք կանցնեն ժողովրդավարության սկզբունքներին համաձայն` ավելացնելով, որ դա կարող է դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան խնդրի լուծման համար: Ֆրանսիացի համանախագահը ասել է նաեւ, որ սխալ են պնդումները, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչինչ չի արել անցած 10 տարվա ընթացքում, քանի որ այդ ընթացքում, հատկապես վերջին ամիսներին համանախագահները մեծ աշխատանք են կատարել: «Եթե մինչ այժմ չկան կոնկրետ արդյունքներ, ապա մեղքը համանախագահներինը չէ: Պատճառն այն է, որ կողմերը չկարողացան անհրաժեշտ կամք դրսեւորել: Պետք է հաշվի առնել, որ համանախագահները միջնորդներ են, իսկ կարգավորումը կախված է կողմերի կամքից»: Ֆրանսիացի դիվանագետը նշել է ղարաբաղյան խնդրի քննարկման նպատակահարմարությունը հարեւան երկրների` Թուրքիայի եւ Իրանի հետ: Դրան հավանություն է տվել նաեւ ռուս համանախագահ Յու.Մերզլյակովը` նշելով, որ Թուրքիան Ադրբեջանի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունի, եւ բացի այդ նա Մինսկի կոնֆերանսի անդամ է, եւ ուրեմն ժամանակին տեղեկատվություն է ստանում բանակցությունների ընթացքի մասին: Ի տարբերություն Յու.Մերզլյակովի, Ս.Մանը չի համաձայնվել Բ.Ֆասյեի կարծիքի հետ, ասելով, թե ԱՄՆ-ն մտադիր չէ քննարկել ղարաբաղյան խնդիրը Իրանի հետ, թեեւ ընդունելի է համարում դա Թուրքիայի դեպքում: Նա ասել է, որ համանախագահները հավատում են երկու ժողովրդների խաղաղ գոյակցությանը, եւ կոչ է արել երկու ժողովրդներին արդյունավետ բանակցություններ վարել հանուն տարածաշրջանի ապագայի: Ս.Մանը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին եւ նախագահ Իլհամ Ալիեւին հյուրընկալության համար եւ տեղեկացրել է, որ համանախագահները մեկնում են Երեւան, իսկ այնտեղից` Ստեփանակերտ: Նրա խոսքերով, բանակցությունների ընթացքը ամրապնդել է խնդրի շուտափույթ կարգավորման հույսը: Սակայն ամերիկացի դիվանագետը կոնկրետ պատասխան չի տվել այն հարցին, թե երբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը: «Խաղաղ պայմանագիրը կարող է ստորագրվել երկու ամիս անց: Սակայն, կարող է ստորագրվել նաեւ հարյուր տարի անց»,-նկատել է Ս.Մանը, որի կարծիքով խնդրի լուծումը կախված է ոչ այնքան համանախագահներից, որքան հակամարտության կողմերից: