16 հունվարի 2013 - 11:49 AMT
Գագիկ Մինասյան. Չպետք է թույլ տանք, որ մեր թույլ կողմերը քողարկեն ուժեղ կողմերը

Հայաստանում հասարակության ճնշող մեծամասնությունը բավականին լուրջ ակնկալիքներ ունի նախագահական ընտրություններից։ Նման կարծիքի է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը: «Մենք կարողացանք դիմակայել ներքաղաքական լարված իրավիճակին, ինչն այսօր արդեն չկա։ Սա հույս է ներշնչում, որ առաջիկա ընտրությունները մեկ քայլ ավելի բարձր մակարդակով կանցկացվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավորը:

Ըստ նրա՝ ընտրրությունների լավ անցկացումը չափազանց կարևոր է, որպեսզի հնարավոր լինի ընտրական գործընթացներից հետո ավելի արագ զարգացնել տնտեսությունը։

«Մենք չպետք է թույլ տանք, որ մեր թույլ կողմերը քողարկեն ուժեղ կողմերը։ Մենք ունենք կատարած մի քանի լուրջ աշխատանք տարբեր ոլորտներում։ Ես համոզված եմ, որ մեր հասարակությունն իր իրական գնահատականը կտա նաև այս ընտրությունների ընթացքում»,- նկատեց Գագիկ Մինասյանը: