16 հունվարի 2013 - 13:49 AMT
Ստյոպա Սաֆարյան. Սերժ Սարգսյանը և իր թիմը լուրջ խնդիր են ունենալու

Նախընտրական պայքարը վաղուց մեկնարկել է, թեև հունվարի 21-ից է մեկնարկում պաշտոնական քարոզարշավը: Ըստ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի՝ միամիտ պետք է լինել՝ հավատալու համար, որ մինչ այժմ քարոզարշավ չի տարվել: Այս մասին նա ասաց այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ընտրություններում հիմնական պայքարը գնալու է Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև: Շատ ընտրողների մոտ զգացողությունները խառնված են և դժվար է ասել, թե թեկնածուներից որն է դոմինանտ»,- ասաց նա:

Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը և իր թիմը լուրջ խնդիր են ունենալու: «Մայիսին առաջարկում էին, որ ընտրողները հավատան, որ փոխվի: Սակայն այդ «մեծ հավատից» հետո որևէ էական փոփոխություն չի եղել: Սա մեծացնում է Րաֆֆի Հովհաննիսյանի շանսերը»,- պարզաբանեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղարը:

Նա նկատեց, որ երկրում շարունակում են տիրել բոյկոտի տրամադրությունները, քանի որ որոշ քաղաքական ուժեր հրաժարվեցին ընտրապայքարից: «Ինչով կավարտվի այս ամենը, կախված կլինի թեկնածուների վարած է գրագետ քարոզարշավից: Մարդկանց տեղամաս բերելու խնդիրը կարող է լուծվել արդյունավետ քարոզարշավի շնորհիվ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը: