16 հունվարի 2013 - 15:23 AMT
2014-ի Օլիմպիական խաղերի ժամանակ կվաճառվեն թե թանկ, թե էժան տոմսեր

Սոչիի խաղերի ժամանակ օլիմպիական զբոսայգի հնարավոր կլինի մտնել 200 ռուբլիով, որտեղ տեղի են ունենալու պարգևատրման արարողությունները և այլ մշակութային ծրագրեր: Այդ մասին հայտնել է «Սոչի 2014» կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոն:

«Օլիմպիական զբոսայգի չի կարելի մտնել առանց հավատարմագրման և տոմսի: Օլիմպիական զբոսայգում տեղի են ունենալու պարգևատրման արարողություններ: Այնտեղ ամբողջ օրվա ընթացքում տեղի է ունենալու մշակութային ծրագիր, երեկոյան`մեդալային արարողություններ, հետո ելույթ է ունենալու հեդլայները, դրանից հետո` հրավառություն: Եվ այսպես ամեն օր»,- ասել է Չերնիշենկոն:

Նա նշել է, որ զբոսայգի մտնելու համար կարելի է գնել մատչելի տոմսեր. «Մենք չենք փորձում մեծ գումարներ վաստակել, բայց մենք պետք է կարգավորենք մարդկանց թիվը: Այնտեղ հարմարավետ կզգա 75 հազար հոգի: Նման տոմսը կարժենա 200 ռուբլի»: Չերնիշենկոյի խոսքով, կլինեն թե մատչելի, թե թանկ տոմսեր, հաղորդում է rsport.ru-ն: Օլիմպիական խաղերը տեղի կունենան Սոչիում 2014-ի փետրվարի 7-23-ը: