17 հունվարի 2013 - 13:08 AMT
Վրաստանի վարչապետը ցանկանում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը շուտափույթ լուծում ստանա

Հայաստանը ողջունում է Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Այդ մասին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա բարձր է գնահատել վրացական կառավարության քայլերը, նշելով, որ հաճախ ղարաբաղյան հակամարտության շուրջ հայտարարությունները խեղաթյուրվում են:

Իր հերթին Իվանիշվիլին հավելել է, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում նա հանդիպել է Իլհամ Ալիևի հետ և քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը: «Ես փոխանցել եմ Ալիևի դիրքորոշումը Հայաստանի վարչապետին, բայց մանրամասները չեմ ներկայացնի: Այս հարցն իսկապես բարդ է, և առաջիկայում բավական դժվար կլինի այն լուծելը: Ես ցանկանում եմ, որ այն կարգավորվի խաղաղ ճանապարհով»,- ասել է նա: