17 հունվարի 2013 - 15:37 AMT
Իրանի նախագահը խոստովանել է տնտեսական պատժամիջոցների հասցրած վնասը

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը առաջին անգամ խոստովանել է տնտեսական պատժամիջոցների հասցրած վնասը, որոնք ԱՄՆ-ը և Եվրամիությունը կիրառել են Թեհրանի նկատմամբ, հաղորդում է «Ալ Ջազիրան»: Հունվարի 16-ին ելույթ ունենալով խորհրդարանի առաջ` Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանը պետք է հաղթահարի նավթային եկամուտներից կախվածությունը, որպեսզի նվազեցնի արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը:

Ինչպես նա հայտարարել է, համաշխարհային առաջնորդների կողմից սահմանված պատժամիջոցները հանգեցրել են տնտեսական զարգացման տեմպերի դանդաղեցման և խախտել երկրի արտաքին առևտուրը: Որպես նավթի այլընտրանք նա առաջարկել է որպես եկամուտների աղբյուր օգտագործել լեռնահանքային արդյունաբերության արտադրանքը և փայտը, հաղորդում է Associated Press-ը:

Նա առաջարկել է կրճատել էներգետիկային հատկացվող կառավարական սուբսիդիաները, որոնց շնորհիվ Իրանում վառելիքի գինն աշխարհում ամենացածրներից է: Խորհրդարանն այդ գաղափարին հավանություն չի տվել: