ԱԺ Էթիկայի հանձնաժողովը հաջորդ շաբաթվա ընթացքում մի քանի նիստեր կհրավիրի

ԱԺ Էթիկայի հանձնաժողովը հաջորդ շաբաթվա ընթացքում մի քանի նիստեր կհրավիրի

PanARMENIAN.Net - Էթիկայի հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը այսօրվա դռնփակ նիստում կայացրել է իր վարույթում գտնվող երեք դիմումների հետ կապված աշխատակարգային որոշումներ: Հաստատվել է դիմումներում բարձրացված հարցերով նիստերի անցկացման ժամանակացույցը: Այս մասին այսօրվա նիստից հետո լրագրողներին հայտնել է հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կհրավիրվեն մի քանի նիստեր: «Շատ ծավալուն աշխատանք է, ժամկետներով կաշկանդված ենք և պետք է տեղավորվենք այդ ժամկետների մեջ: Առաջիկա նիստերն գումարվելու են այն նպատակով, որպեսզի այն պատգամավորները, ում վերաբերվում են դիմումները, հրավիրվեն, և հանձնաժողովը լսի նրանց պարզաբանումները»,- ասել է նա:

Այսօր հանձնաժողովը դռնփակ նիստում մերժեց «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի դիմումը: Հանձնաժողովը հիմնավոր չի համարել դիմումում բերված փաստարկները` պատգամավոր Հայկ Բաբուխանյանի գործողություններում զրպարտանք և վիրավորանք պարունակելու մասով:

Հիշեցնենք, որ ՀԿ-ի` հանձնաժողովին ուղղված դիմումը վերաբերում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանի կողմից էթիկայի կանոնների խախտմանը, պատգամավորը, ով «Իրավունք Մեդիա» հոլդինգի խմբագրական խորհրդի նախագահն է, սատարել է հոլդինգի մաս կազմող Zaruhi.com ամսագրում և «Իրավունք» թերթում ՀԿ-ի դեմ զրպարտչական նյութեր տպագրելուն:

Հիշեցնենք, որ 2012թ.-ի դեկտեմբերի 7-ին հանձնաժողովը քննության է վերցրել ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի դիմումը` նոյեմբերի 21-ին հրավիրված ԱԺ-ի արտահերթ նիստին չգրանցված 83 պատգամավորների կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ հարցը քննելու և համապատասխան որոշում կայացնելու խնդրանքով: Դեկտեմբերի 21-ից հանձնաժողովում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի վարքագծի վերաբերյալ «Ռազմավարական մշակումներ կենտրոն» ՀԿ-ի, իսկ դեկտեմբերի 28-ից` ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի և «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի միջև ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության դիմումների քննությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---