Ո՞ւմ է ձեռնտու տեխզննման կտրոնների սպեկուլյացիան

Ո՞ւմ է ձեռնտու տեխզննման կտրոնների սպեկուլյացիան

PanARMENIAN.Net - Մինչև տարեվերջ մեքենատերերը, որպես կանոն, շտապում են տեխզննում անցնել՝ նոր տարում ՃՈ տեսուչների ստուգումներից խուսափելու համար: Արդեն դեկտեմբերի 20-ին «Աքիլլես» վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն դժգոհություններ են ներկայացվել՝ Հայաստանի բանկերում տեխզննման կտրոնների պակասի վերաբերյալ:

2011 թ. մայիսի 1-ից հանրապետությունում պարզեցվել է տեխզննման կարգը: Համաձայն դրա՝ վարորդները տեխզննման կտրոնը պետք է ստանան բանկից, այլ ոչ թե տեխզննման կայանից: Դա արվում է վարորդներից դրամահավաքը կանխելու և ձևական զննումները վերացնելու նպատակով: Կտրոնները կարելի է ստանալ բանկերում՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:

Վարորդները փաստի առաջ են կանգնել. Բանկերը կտրոններ չեն տրամադրել՝ դա բացատրելով նրանով, որ դրանք ավարտվել են: Դրանք չեն եղել «Պրոմեթևս», «Արարատ» և «ՎՏԲ Հայաստան» բանկերում: Բայց հնարավոր է եղել դրանք ձեռք բերել ծանոթի միջոցով: Նշենք, որ կտրոնների բացակայության համար նախատեսվում է 50 000 դրամ տուգանք: Ավելին, ինչպես հաղորդել է «Աքիլլես»-ի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը, արդեն 2012 թ. դեկտեմբերի 25-ից բողոքները կրել են զանգվածային բնույթ և ընկերությունը փորձել է պարզել խնդրի պատճառները: Պարզվել է, որ խնդիրը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատանքում է: Պետական գերատեսչությունը հայտարարել է՝ արդեն բաժանել է լրացուցիչ կտրոններ, սակայն Հովհաննիսյանը չի բացառել կտրոններով սպեկուլյացիայի հնարավորությունը:

Ֆինանսների նախարարությունը ՀՀ առևտրային բանկերին 2011 թվականից առ այսօր տրամադրել է ընդհանուր թվով 518 700 կտրոններ: Ասենք նաև, որ համաձայն ՀՀ բանկերի ասոցիացիայի կողմից ֆիննախարարությանը տրամադրած տվյալների՝ բոլոր բանկերում առկա են բավարար քանակությամբ կտրոններ, մասնավորապես՝ 04.12.2012 թվականի դրությամբ 2013 թվականի տեխնիկական զննման կտրոնների մնացորդը կազմում է 7789 հատ, 2014 թվականի տեխզննման կտրոններինը՝ 35 003 հատ:

Ինչպես մեզ ասացին «ՎՏԲ Հայաստան» բանկում, այսօրվա դրությամբ կան բավարար քանակությամբ կտրոններ և 2013-2014թթ. տրամադրվում են առանց խնդիրների:

Այնուամենայնիվ, վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնը խնդրանքով դիմել է ՃՈ-ին՝ այս ընթացքում տուգանքներ չարձանագրելու համար: Այնտեղ խոստացել են, որ մինչև փետրվարի 1-ը տեխզննման կտրոնների բացակայության համար վարորդները չեն տուգանվի:

Վիկտորյա Արարատյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---