18 հուլիսի 2005 - 13:00 AMT
ԹԱԹՈՒԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ.ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԱՄՆ
Հայաստանը միացել է ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիային ԱՄՆ-ում 2001 թ. սեպտեմբերին տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից անմիջապես հետո` բացելով իր օդային տարածքը եւ էական օժանդակություն տրամադրելով ԱՄՆ-ին եւ այլ դաշնակիցների: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը: «Այս ժամանակաշրջանում 907 բանաձեւի կասեցումը, տարածաշրջանային անվտանգության հարցում ՀՀ մոտեցումները հաշվի առնելով հանդերձ, սկիզբ դրեց հայ-ամերիկյան համագործակցությանը նաեւ ռազմական ոլորտում: Ռազմական օգնության շրջանակներում տրամադրված միջոցներով ստեղծվեց Հայաստանի խաղաղապահ գումարտակ: ՀՀ ԶՈւ զինծառայողները մասնակցում են ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումներին, ինչպես նաեւ խաղաղապահ գործունեություն են իրականացնում Կոսովոյում: Կոալիցիայի այլ անդամների հետ համատեղ հայկական ջոկատը մասնակցում է Իրաքի վերաշինության գործին: Մեր պետությունների ռազմական գործընկերության կարեւոր տարրն է Կանզասի Նահանգի Ազգային գվարդիայի եւ ՀՀ ԶՈւ միջեւ համագործակցության ծրագիրը»,-ասել է հայ դիվանագետը: Նրա խոսքերով, այս բնագավառում մեր երկկողմ համագործակցության առաջին փուլը մոտենում է ավարտին: Երկու կողմերն էլ լավատեղյակ են միմյանց հնարավորություններին եւ ակնկալիքներին: Ակնկալվում է ՀՀ պաշտպանության նախարարի այցը ԱՄՆ, որի ընթացքում քննարկվելու են մեր համագործակցության ներկա մակարդակն ու հեռանկարները, ավելացրել է Թաթուլ Մարգարյանը, հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը: