18 հունվարի 2013 - 21:56 AMT
Զինդատախազություն. Մահացած զինվորների թվի ՀԿ-ների հաշվարկը սխալ է

Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը, ինչպես նաև տարակարծությունից խուսափելու նպատակով, զինվորական դատախազությունը պարզաբանում է, որ ՀՀ զինվորական դատախազի կողմից 17.01.2013թ. հրավիրած ասուլիսի ընթացքում հրապարակվել են 2012 թվականի ընթացքում զինված ուժերում արձանագրված զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան ելքով դեպքերի թիվը, որը 29-ն է: Դրանում ներառված չեն մահվան ելքով այն դեպքերը, որոնք կապված չեն զինվորական ծառայություն անցնելու հետ կամ դեպքերը, որոնց մեջ հանցագործության հատկանիշներ չպարունակող իրադարձություններ են:

Օրինակ, զորամասից դուրս գտնվող և ծառայողական պարտականությունների հետ չկապված խնդիրներով զինծառայողը անձնական օգտագործման ավտոմեքենայով ավտովթարի է ենթարկվել և արդյունքում մահացել: Կամ արձանագրվել են դեպքեր, երբ զինվորական ծառայության հետ չկապված քաղաքացիական անձանց կողմից կատարված հանցագործության զոհ է դարձել զինծառայողը կամ զինծառայողը մահացել է օձի խայթոցի կամ այլ դժբախտ պատահարի հետևանքով:

Մեկ անգամ ևս փաստենք, որ հանցավորության վիճակը բնութագրվում է ոչ թե հանցագործության հատկանիշներ չպարունակող իրադարձությունների, դժբախտ պատահարների կամ հանցագործության արդյունքում մահացած անձանց թվով, այլ` հանցագործության դեպքի փաստով և քանակով: Հետևաբար, որոշ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված և մամուլում հրապարակված 2012թ ընթացքում մահացած զինծառայողների թիվը որևէ առնչություն չունի ՀՀ Զինված ուժերում կատարված հանցագործությունների արդյունքում մահացած զինծառայողների թվի հետ: