18 հունվարի 2013 - 22:13 AMT
«Մատաղիսի գործով» իրավահաջորդ. Մենք մեղավորի խոստովանությունն ունենք, որը հաշվի չեն առնում

«Մատաղիսի գործով» տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդի կարծիքով արդարացման դատավճիռն ընդունած Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը խախտումներ է թույլ տվել: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Եղիազարյանը նշեց.«Այս գործը տարբերվում է մյուս նման գործերից, քանի որ մենք մեղավորի խոստովանությունն ունենք»:

Նրա խոսքով դատարանը հաշվի չի առնվել մեղադրողների ներկայացրած փաստական բոլոր հանգամանքները, այդ թվում նաև խոստովանությամբ տեսանյութը, որին ըստ էության անդրադառնալու և իրավական գնահատման արժանացնելու դեպքում դատարանը կհանգի այլ հետևության: Արթուր Եղիազարյանը բողոքարկել է դատավճիռը, իսկ ՀՀ զինվորական դատախազությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 18.12.2012թ. կայացրած արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացրել է երեկ: Այդ դատավճռով ամբաստանյալներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը անմեղ էին ճանաչվել ՀՀ քր. օր-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 14-րդ կետերով առաջադրված մեղադրանքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով արդարացվել` կատարված հանցագործությանը նրանց մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

Հիշեցնենք, որ զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը մեղադրվում էին Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին սպանելու համար: Դեպքը տեղի էր ունեցել 2003 թվականին: 2005 թվականին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը «Մատաղիսի» գործով մեղադրվող Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման: 2006 թվականի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործն ուղարկել է նոր նախաքննության` բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին): 2007 թվականի վերջին սկսվել էր նոր դատաքննություն: 2012-ի դեկտեմբերի 18-ին նրանք արդարացվել են: