19 հուլիսի 2005 - 08:04 AMT
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԵԱՀԿ ԽՎ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ` ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությունը հուլիսի 18-ին հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հարցերով հատուկ նեկայացուցիչ Հորան Լենմարկերի «Անգնահատելի հնարավորություն. որոշ դատողություններ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ» զեկույցը, որը քննարկվել է Վաշինգթոնում կայացած ԵԱՀԿ ԽՎ հուլիսյան նստաշրջանում: Ադրբեջանում եւ Հայաստանում լայն արձագանք գտած զեկույցում նշվում է, որ «կողմերը ամենատարբեր ձեւով են մեկնաբանում պատմությունը»: Այդ պատճառով անկողմնապահ «ճշմարտության եւ հաշտության հաստատման կոմիտեն» պետք է փորձի հանգել անցյալի միակ եւ օբյեկտիվ ըմբռնմանը: Դա շատ կարեւոր է նրանց համար, ովքեր տուժել են եւ ձգտում են արդարության: Հորան Լենմարկերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջարկել է օգտագործել եվրոպական ինտեգրման փորձը: Մասնավորապես, նշվում է չորս պայմանների հաշվի առնելու անհրաժեշտությունը: Առաջինը. մասնակից երկրները պետք է հասկանան, որ նրանց ազգային անվտանգությանը ոչինչ չի սպառնում: Իրեն անվտանգ զգացող հարեւան ունենալը` նշանակում է ապահովել սեփական անվտանգությունը: Երկրորդ. պետք է պահպանվեն ժողովրդավարության բարձր չափանիշները, մարդու իրավունքները եւ փոքրամասնության իրավունքները: Ոչ ժողովրդավարական կառավարություններն իրենց էությամբ անկայուն են: Երրորդ. տնտեսական ինտեգրումն ապահովում է ընդհանուր ամուր փոխկապակցվածություն` հիմնված փոխադարձ բարգավաճման վրա, եւ դա է զարգացման ամենահուսալի հիմքը, քանզի ներառում է ամբողջ բնակչությունը: Չկա պատճառ, ըստ որի Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները չկարողանային ունենալ եվրոպական մակարդակին արժանի կյանք: Չորրորդ. ինտեգրման գործընթացը ամրագրվում է քաղաքացիների ազատ տեղաշարժով, հատկապես` երկտասարդության: ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի կարծիքով` Հայաստանն ու Ադրբեջանը կարող են Վրաստանի հետ համատեղ փորձել ստեղծել ընդհանուր անվտանգության, ժողովրդավարության եւ բարգավաճման ոլորտ: Միեւնույն ժամանակ, կարեւորագույն նշանակություն, համենայն դեպս, անցումային փուլում, կունենա ապառազմականացած գոտիների վերահսկման տեսչության համակարգը: Այդ նպատակով, ինչպես նաեւ դիտարկման եւ անվտանգության ապահովման շահերից ելնելով Լեռնային Ղարաբաղում եւ նրան հարակից շրջաններում կստեղծվեն միջազգային նախազգուշական ուժեր: Բացառապես կարեւոր նշանակություն ունի, ինչպես նշվում է փաստաթղթում, Հայաստանը եւ Ադրբեջանը կապող ճանապարհների եւ երկաթուղիների վերականգնումը: Պետք է սերտ կապեր հաստատվեն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին` Հ.Լենմարկերը նշում է, որ ժամակակից ինտեգրման հիմունքներով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության գալը կհեշտացնի տվյալ հարցի լուծման որոնումները: Սահմանների բացման եւ ինտեգրացված տնտեսության դեպքում տարածքի վրա հսկողության դերը կկորցնի իր նախին նշանակությունը, եւ այդ առումով ավելի քիչ վիճաբանություններ կառաջանան: Միեւնույն ժամանակ, Հ.Լնեմարկերը հիշեցրել է, որ «Ադրբեջանը հաշվի առնելով եվրոպական երկրների փորձը` ցանկանում է իր շրջանակներում Լեռնային Ղարաբաղին տրամադրել առավելագյուն աստիճանի ավտոնոմիա` ինչպիսին գյություն ունի աշխարհում»: «Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ է հնարավորություն տալ պահպանել իր ինքնօրինակությունը, իսկ նրա բնակչությանն անհրաժեշտ է համոզել, որ նրա իրավունքները կպաշտպանվեն հուսալի եւ անկախ իրավական համակարգում` Ադրբեջանի շրջանակներում: Ցանկացած առավելագույն ավտոնոմիայի ապահովման համար անհրաժեշտ է իրական ֆինանսական աջակցություն, որը լրացուցիչ ծանրաբեռնվածություն կստեղծի Ադրբեջանի ազգային բյուջեում»,- նշվում է փաստաթղթում: