Իտալիայում Բարիի քաղաքապետարանը ճանաչեց հայոց ցեղասպանությունը

Իտալիայում Բարիի քաղաքապետարանը ճանաչեց հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - 2013 թ. հունվարի 11-ին Իտալիայի հարավային նշանավոր նավահանգիստ Բարիում տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման և օրհնության արարողություն: Խաչքարը պատրաստվել էր 11 տարի առաջ Ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանի կողմից: Բազմաթիվ պատճառներով խաչքարի բացումը մի քանի անգամ հետաձգվելուց հետո այս տարի Բարիի քաղաքապետարանի, ինչպես նաև Բարիի նշանավոր հայերից Ռուբեն Թիմուրյանի ջանքերով, վերջապես, կանգնեցվել է Բարիի ամենակարևոր հրապարակներից մեկում` նավահանգստի գլխավոր ափի մոտ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Իտալիայի Հայոց հովվության քարտուղարությունից:

Կարևորագույն այս հանդիսությանը հրավիրված էին Իտալիայի Հայոց հովվության հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Թովմա աբեղա Խաչատրյանը, Հռոմի Հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Գառնիկ աբեղա Մխիթարյանը, Իտալիայում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներից Բորիս Սահակյանը, Իտալիայի Հայոց միության նախագահ Պայքար Սվազլյանը, խաչքարի հեղինակ Աշոտ Գրիգորյանը, անվանի ճարտարապետ Արմեն Զարյանի որդին` Տիար Արա Զարյանը, Բարի քաղաքի աշխարհական և հոգևորական ողջ վերնախավն ու հյուրեր Իտալիայում գործող տարբեր հայկական ասոցիացիաներից:

Խաչքարը տեղադրվել է հենց այն ափին, որտեղից Հայոց ցեղասպանության օրերին բազմահազար հայեր ներթափանցել են Իտալիա: Խաչքարի օրհնության կարգը կատարել են Իտալիայի Հայոց հոգևոր հովիվն ու Հռոմի Հայոց հոգևոր հովիվը: Այնուհետև բոլոր ներկաները հյուրընկալել է Բարիի քաղաքապետ Միկելե Էմիլիոն: Իտալիայի հայոց հոգևոր հովվության կողմից Հայր Թովմա Խաչատրյանը գնահատանքի պարգևներ է շնորհել Բարիի քաղաքապետին, խաչքարագործին, ինչպես նաև Ռուբեն Թիմուրյանին:

Քաղաքապետն իր հերթին Բարիի քաղաքապետարանի բարձրագույն պարգևներ է շնորհել Իտալիայում Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնող հոգևոր այրերին, ինչպես նաև մյուս իտալահայ կազմակերպությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Բոլորի համար անակնկալ էր Բարիի քաղաքապետի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող համապատասխան փաստաթղթղի հանձնումը Իտալիայում ՀՀ դեսպանության ներկայացուցչին, ըստ որի, Բարի քաղաքը համալրեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող Իտալիայի 70 քաղաքների թիվը:

Բարի համայնքում հայերի պատմական ներկայության մասին, ըստ Ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանի, կա 11 վկայություն, որի մեջ նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին /IX դ./ ու Սուրբ Գևորգ վանական համալիրը /XI դ./: Առաջինը Վատիկանի կողմից վարձակալության պայմանագրով օգտագործման է հանձնված ռումինական եկեղեցուն, իսկ երկորդը` Սուրբ Գևորգ վանքը, գտնվում է անմխիթար վիճակում: Բարիի քաղաքի համայնքը ներկայումս ճգնաժամի մեջ է. շատ հայեր մոռանալով իրենց լեզուն ձուլվել են, շատերը ձուլման ճանապարհին են: Նրանց բոլորի թիվը այս պահի դրությամբ չի անցնում 3 տասնյակը:

Իտալիայի Հայոց հոգևոր հովվությունը դեռևս հոկտեմբեր ամսից , չնայած հսկայական հեռավորությանը /հովվության կենտրոնը Միլանի Սուրբ Քառասուն մանկունք եկեղեցին է/, իր մշտական ուշադրության ներքո է պահում փառավոր պատմություն ունեցող և այսօր նորից հառնող այս փոքր համայնքը: Այս տարվա փետրվար ամսից Իտալիայի Հայոց հոգևոր հովվությունը Բարիի հայոց համայնքի համար պետք է կազմակերպի հայերենի արագացված դասընթաց:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---