ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼ Է 35 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԳՈՒՄԱՐԻ ԵՐԿՈՒ ՎԱՐԿ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը հուլիսի 20-ին ստորագրել են ՀԲ Տնօրենների խորհրդի կողմից հուլիսի 7-ին հաստատված 20 մլն դոլար գումարի «Գյուղական ձեռնարկությունների եւ փոքր առեւտրային գյուղական տնտեսությունների զարգացումը» (RESCAD) նոր վարկային ծրագիրը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: RESCAD ծրագիրը մշակվել է «Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության» շրջանակներում: Ծրագրի հիմնական հասցեատերերը կդառնան փոքր եւ մեծ ֆերմերային տնտեսությունները եւ գյուղական ձեռնարկատերերը: Ծրագիրը կհամաֆինանսավորվի նաեւ Ճապոնիայի կառավարության վարկով, որը կազմում է 1,775 մլն դոլար եւ ուղղված կլինի տեղական ներուժի զարգացմանը եւ RESCAD ծրագրի տեխնիկական աջակցությանը: Կողմերը ստորագրել են նաեւ «Հայաստանի քաղաքային ջեռուցման ծրագիրը» (UHP), որը կազմում է 15 մլն դոլար եւ կհամաֆինանսավորվի UNDP/GEF կողմից` 2,9 մլն դոլար գումարի չափով: UNDP/GEF միջոցները կուղղորդվեն տեխնիկական աջակցությանը: ՀԲ վարկի մարման ժամկետը 40 տարի է, որից 10-ը արտոնյալ հիմունքներով: 1992 թվականին ՀԲ-ին եւ 1993 թվականին Զարգացման միջազգային գործակալությանը Հայաստանի միանալուց հետո երկրի պարտավորությունների ընդհանուր գումարը 39 ծրագրերի համար կազմում է 881 մլն դոլար, իսկ 40 ծրագրի համար Հայաստանը ստացել է 896 մլն դոլար:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---