20 հուլիսի 2005 - 16:00 AMT
ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԱՓՈԽԸ ԻՐԱՔԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀԱՅՐԵՆԻՔ
Այսօր Իրաքից Երեւան վերադարձավ Հայաստանի ԶՈՒ 12-րդ խաղաղապահ գումարտակի առաջին հերթափոխը: Դիմավորելով Իրաքում խաղաղապահ առաքելությունն ավարտած խաղաղապահներին` Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը հայտարարել է. «Անձամբ ես, ինչպես նաեւ Հայաստանի ԶՈՒ ողջ կազմը եւ ՀՀ պաշտպանության նախարարությունը հպարտանում ենք մեր զինվորներով»: «Մեր խաղաղապահները կարող են հասնել իրենց առջեւ դրված նպատակին եւ ապացուցեցին դա, եւ նրանք դեռեւս կարժանանան Հայաստանի պաշտպանության նախարարության խրախուսմանը»,-հայտարարել է Աղաբեկյանը: Ինչպես նշել է Աղաբեկյանը, Իրաքում գտնվելու 6 ամսվա ընթացքում, հայ համայնքի կողմից ոչ միայն դժգոհություն չի հայտնվել նրանց այնտեղ գտնվելու առնչությամբ, այլ, ավելին, համայնքի ներկայացուցիչներից շատերը ցանկություն են հայտնել այցելելու հայրենակիցներին: ՀՀ պաշտպանության գերատեսչության փոխնախարարը տեղեկացրել է նաեւ, որ հայ խաղաղապահների մեջ վիրավորներ չեն եղել: Նրա խոսքերով, տվյալ պահին 46 խաղաղապահներից 45-ը վերադարձել են Հայաստան, իսկ մեկը փոխադրվել է Բաղդադ եւ նշանակվել բազմազգ կորպուսի կապի սպա: Մեկնաբանելով խաղաղապահների 3-րդ հերթափոխի հնարավոր մեկնումը` Աղաբեկյանը նշել է, որ Հայաստանի Ազգային Ժողովը ավելի վաղ որոշում էր կայացրել մեկ տարով խաղաղապահներ ուղարկելու վերաբերյալ: 2-րդ հերթափոխը կվերադառնա ընթացիկ տարվա դեկտեմբերին, եւ եթե Հայաստանը պաշտոնական փաստաթուղթ ստանա խաղաղապահ առաքելությունը շարունակելու վերաբերյալ, ապա կկայացվի համապատասխան որոշում: «Զորքերը պատրաստ են իրականացնել նոր խաղաղապահ առաքելության իրականացմանը ցանկացած տարածաշրջանում, եթե ստանան նախարարի հրամանը»,-հայտարարել է Աղաբեկյանը: Աֆղանստան խաղաղապահներ ուղարկելու հնարավության մասին ՀՀ պաշտպանության փոխնախարարը նշել է, որ Հայաստանը շարունակում է ուսումնասիրել այդ հարցը, նախապատրաստել անձնակազմը: Սակայն, դեռեւս Հայաստանը չի ստացել կոնկրետ առաջարկ: «Մենք չպետք է սպասենք առաջարկների,այլ պետք է միշտ պատրաստ լինենք խաղաղապահ առաքելության կատարմանը, որը նախատեսում է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը»,-նշել է նա: Մեկնաբանելով Լիբանանի առաջարկը իրենց երկիր ուղարկել հայ սակրավորների, փոխնախարարը նշել է, որ պաշտոնական առաջարկ դեռեւս չի եղել: Աղաբեկյանը նաեւ հիշեցրել է, որ IPAP հայկական ներկայացուցչական փաստաթուղթը արժանացել է ՆԱՏՕ-ի դրական գնահատականին, եւ մինչեւ տարեվերջ Հայաստանը կներկայացնի գործողության պլանը IPAP շրջանակներում: