22 հունվարի 2013 - 18:11 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Քեթի Լիչը քննարկել են ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչին:

Րաֆֆի Հովհաննիսյանն ու դեսպանը քննարկել են առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Կարևորվել է միջազգային չափանիշներին համապատասխանող ազատ և արդար ընտրությունների անցկացումը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից:

Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անդամներ Արմեն Մարտիրոսյանը, Գևորգ Կալենչյանը, Ստյոպա Սաֆարյանը և Հովսեփ Խուրշուդյանը հանդիպել են ԱՊՀ միջխորհրդարանական պատվիրակության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին և քննարկել առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցեր:

Դիտորդական առաքելության ներկայացուցիչներին տրամադրվել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ավելի վաղ ՀՀ գործող նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ուղարկված նամակը, որում 15 կետերի շրջանակում առաջարկվում էին հստակ քայլեր՝ վերջին 20 տարում առաջին ազատ, արդար և օրինական ընտրությունների անցկացման համար: