22 հունվարի 2013 - 18:33 AMT
Գերատեսչությունները հաշվետվություն են ներկայացրել կառավարությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։

2012 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության պետական կոմիտեի նախագահը: ՀՀ կառավարության անդամները և ՀՀ ԿԱ մարմինների ղեկավարներն անդրադարձել են հաշվետու տարում կատարված աշխատանքներին, իրականացված միջոցառումներին ու վարչապետին զեկուցել արձանագրված բացթողումների պատճառների մասին: Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա թերացումների լուծման առնչությամբ: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հաշվետվությունները լսելուց հետո կառավարության ղեկավարն անդրադարձել է 2012 թ. ըստ գերատեսչությունների տրված հանձնարարականների կատարողականներին: