22 հունվարի 2013 - 19:16 AMT
ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի Հայաստանի հետ կրթական ոլորտի համագործակցությունը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քերըն Հիլլարդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համատեղ ծրագրերն ու համագործակցության նոր հնարավորությունները: Քերըն Հիլլարդը նշել է, որ հաստատվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաջիկա 5 տարիների գործունեության ծրագիրը, որը, հիմք ընդունելով Հայաստանում կրթական բարեփոխումների հաջողված պատմությունը, նախատեսում է շարունակել կրթական ոլորտի համագործակցությունը՝ ներառելով նոր ուղղություններ:

Շեշտելով, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանի կրթական համակարգի կարևոր գործընկերներից է, նախարարը կարևորել աշխատաշուկայի զարգացմանը միտված համատեղ կրթական ծրագրերի իրականացումը: Փոխադարձ համագործակցության համատեքստում անդրադարձ է կատարվել ինչպես ընթացքի մեջ գտնվող ծրագրերի, այնպես էլ նոր ծրագրերի մեկնարկին: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարևորել է հատկապես համագործակցությունը բարձրագույն կրթության և միջհամալսարանական կապերի ամրապնդման ոլորտում: Որպես այս ոլորտում համագործակցության հաջողված օրինակ՝ նշվել է Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիայի հիմնումը: Անդրադարձ է կատարվել նաև կրկնակի դիպլոմների, որակավորումների փոխճանաչման և ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների միջազգային հավատարմագրման խնդրին: Նշելով, որ Հայաստանը ներգրավված է Եվրոպական կրթական տարածքում, նախարարը միաժամանակ կարևորել է ամերիկյան կրթական ծրագրերով հավատարմագրումը, որը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի կրթական ծառայությունների որակի բարելավման համար ու կնպաստի համակարգի միջազգայնացմանը: Նշվել է, որ հեռանկարային ուղղությունները կարող են հստակեցվել մասնագիտական ուսումնասիրության արդյունքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության ծրագրերին վերաբերող աշխատանքային տարբեր հարցեր: