22 հունվարի 2013 - 19:20 AMT
Սերժ Սարգսյանը հանդիպել է սիսիանցիներին և վստահեցրել, որ նախորդ տարի աշխատել է օրնիբուն

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր քարոզարշավը շարունակեց Սյունիքի մարզում: Այսօր նա հանդիպումներ է ունեցել մարզի մի շարք քաղաքային ու գյուղական համայնքների ընտրողների հետ:

Սիսիանցիների հետ հանդիպման ժամանակ նշելով, որ նախորդ հանդիպումից դեռևս մեկ տարի էլ չի անցել, Սերժ Սարգսյանը կարևորել է անմիջականորեն տեղում ճշտելը, թե անցած այդ ժամանակահատվածում որքանո՞վ է մարդկանց պահանջներին, ծրագրերին, կարծիքներին համահունչ աշխատել, որքանո՞վ այդ պահանջներն արտահայտած մարդկանց հետ համաքայլ է ընթանում, արդյո՞ք բոլորի ժամացույցի սլաքները համընթաց են շարժվում: «Պետական կառավարման համակարգում աշխատելու իմ փորձից համոզվել եմ, որ ղեկավարը, ինչ մակարդակի էլ լինի, պետք է քայլի մարդկանց պահանջներին համընթաց՝ բնականաբար, մշտապես իմանալով, ճշտելով նրանց կարծիքը»,-ասել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Ղեկավարի համար Սերժ Սարգսյանը կարևորել է առաջինն իր նկատմամբ խստապահանջությունն ու կարգապահությունը՝ նախքան ուրիշներից այն պահանջելը: Սյունեցիներին Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ նախորդ հանդիպմանը տված իր ամենակարևոր խոստումը կատարել է՝ աշխատել է օրնիբուն, առավոտից մինչ ուշ երեկո և աշխատել է նվիրումով՝ փորձելով իր գործունեությամբ լուծել երկրի առջև ծառացած խնդիրները:

ՀՀ նախագահի թեկնածուի խոսքով, բնականաբար, բոլոր խնդիրները միանգամից հնարավոր չէ լուծել և ապագայի ծրագրեր չունենալ: Նա ընդգծել է, որ իր թիկունքին կազմակերպված քաղաքական ուժ ունեցող ցանկացած ղեկավար պարտավոր է մշտապես նշաձողը բարձր դնել, և եթե այս ընթացքում բոլոր խոստումները չէ, որ ամբողջությամբ կատարվել են, ապա վստահորեն կարելի է ասել, որ տարին եզրափակվել է ոչ վատ ցուցանիշներով: Անցած ժամանակահատվածում շատ լավ հիմքեր են ստեղծվել, որպեսզի մեր երկրի առաջընթացն ավելի արագ լինի: Կրկին խնդրելով սյունեցիների աջակցությունը առաջիկա նախագահական ընտրություններում՝ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ համատեղ ուժերով, միասին յուրաքանչյուր տարի նոր և ավելի մեծ ձեռքբերումներ են ունենալու: