22 հուլիսի 2005 - 08:53 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿԻՐ Է ԵՎ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Այսօր Երեւանում կայացել է «Հայաստանը Եվրոպա տանող ճանապարհին» գրքի շնորհանդեսը` դեսպան Աշոտ Ոսկանյանի խմբագրությամբ: Գիրքը կոչված է աջակցելու Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացում հասարակական համաձայնության ձեւավորմանը: Գերմանիայի, Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, բելգիայի եւ Ավստրիայի գիտնականները, քաղաքական գործիչները եւ դիվանագետները գրքում քննարկում են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի եվրոպական ինտեգրմանը: Շնորհանդեսն ավարտվել է կլոր սեղանի շուրջ քննարկումներով, որոնցում մասնակցել են Աշոտ Ոսկանյանը, Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Տիգրան Դավթյանը, «Արդարություն» դաշինքի պատգամավոր Շավարշ Քոչարյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Հեյկե Ռենատե Փայչը, Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Թեւաձեն եւ ուրիշներ: «Հայաստանը գտնվում է Եվրոպայի հետ ինտեգրման գործընթացի ակտիվացման փուլում: Մենք եվրոպական երկիր ենք եւ պետք է լինենք եվրոպական իրադարձությունների կենտրոնում, այլ ոչ վերջին տեղերում»,- նշել է Տիգրան Թորոսյանը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: