22 հուլիսի 2005 - 09:12 AMT
Վ.ՔԵՆՈՒԼ. ՄԻՆՉԵՎ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ընդունել է թուրքական պատվիրակությանը Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Քենուլի գլխավորությամբ, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Նախարարները կարծիքներ են փոխանակել ռազմական, քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում համագործակցության տարբեր ասպեկտների վերաբերյալ միջազգային եւ տարածաշրջանային կառուցվածքների շրջանակներում: Հանդիպման ընթացքում կայացցել է կարծիքների մանրակրկիտ փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ, կարեւորվել են խաղաղ ճանապարհով ղարաբաղյան խնդիրը լուծելուն ուղղված հերթական բանակցությունները: Ասելով, թե Թուրքիան աջակցում է Ադրբեջանի «արդարացի» դիրքորոշմանը հակամարտության կարգավորման հարցում, Վեջդի Քենուլը նշել է, որ մինչեւ, որ ղարաբաղյան խնդիրը չկարգավորվի, Թուրքիան հարաբերություններ չի հաստատի Հայաստանի հետ ցանկացած ոլորտում: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Ադրբեջանում տարվող շինարարական աշխատանքները, ինչպես նաեւ խոշորամասշտաբ էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, Բաքու-Թբիլիսի-Էրզրումը, Բաքու-Թբիլիսի-Կարսը եւ այլն: