Բակո Սահակյանը գոհ է ԼՂՀ Հարկային պետական ծառայության աշխատանքից

Բակո Սահակյանը գոհ է ԼՂՀ Հարկային պետական ծառայության աշխատանքից

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին այցելել է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայություն:

Նախագահը ծանոթացել է գերատեսչության շենքային և աշխատանքային պայմաններին: Բակո Սահակյանը կարևորել է ժամանակակից չափանիշներին համապատասխան աշխատանքային պայմանների առկայությունը` ընդգծելով, որ այն իր դրական ազդեցությունն է թողնում համակարգի գործունեության վրա:

Այնուհետև երկրի ղեկավարը մասնակցել է հարկային պետական ծառայության հաշվետու խորհրդակցությանը: Կառույցի աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել ծառայության պետ Արտակ Բալայանը և գերատեսչության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուները:

Նախագահ Սահակյանն իր խոսքում բավարար է գնահատել հարկային պետական ծառայության աշխատանքը` հավելելով, որ հաշվետու ժամանակաշրջանում կառույցի գործունեության գրեթե բոլոր ոլորտներում արձանագրվել են բարձր ցուցանիշներ: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ դրական տեղաշարժերի հետ մեկտեղ ոլորտում կան նաև շատ անելիքներ: Որպես ռազմավարական ամենակարևոր խնդիր` Բակո Սահակյանը նշել է տնտեսության մեջ սեփական ներուժի բնականոն զարգացման խթանումը: Նախագահի խոսքով` պետք է անել ամեն ինչ, որպեսզի հարկահավաքման գործընթացը խոչընդոտ չհանդիսանա ձեռնարկատիրական գործունեության, հատկապես` փոքր և միջին բիզնեսի զարգացման համար, ինչը չափազանց կարևոր է հանրապետությունում միջին խավի ձևավորման համար:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել գերատեսչության ղեկավարությանը աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ` նշելով, որ հանրապետության իշխանությունները կշարունակեն մշտական աջակցություն ցուցաբերել համակարգին` ուշադրության կենտրոնում պահելով նրա հիմնախնդիրներն ու դրանց լուծման գործընթացը: Միջոցառմանը մասնակցում էին ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հաղորդում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմ տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---