24 հունվարի 2013 - 09:50 AMT
«Հրապարակ». Տեր-Պետրոսյանի և Զուրաբյանի միջև «սև կատու» է անցել

Ինչպես տեղեկացնում են «Հրապարակ»-ի ՀԱԿ աղբյուրները, բացի վերջին շրջանում կուտակված խնդիրներից, այստեղ նոր խնդիր է առաջացել` Լևոն Տեր-Պետրոսյանի և Լևոն Զուրաբյանի միջև «սև կատու» է անցել. Տեր-Պետրոսյանը, որ մշտապես և անվերապահ վստահել ու հավատացել է Զուրաբյանին, պարզել է, որ վերջինս այնքան էլ անկեղծ ու բաց խաղացող չի եղել ոչ այնքան քաղաքական, որքան նյութատեխնիկական խնդիրները կարգավորելու հարցում: «Եվ ՀԱԿ առաջնորդը սկսել է կասկածով վերաբերվել իրավահաջորդի ընտրությանը: Չնայած Տեր-Պետրոսյանին ավելի լավ ճանաչողները պնդում են, որ դա ընդամենը մարտավարություն է` առաջին նախագահը պարզապես մանևրում, ժամանակ է շահում, որպեսզի վերջին շրջանում բոլորի կողմից անվստահության արժանացած Լևոն Զուրաբյանի նկատմամբ գործընթացները սառեցվեն` մինչև ընտրությունների ավարտ, որից հետո կերևա` արդյո՞ք իրենք իրականացնում են ԲՀԿ-ին միանալու գաղափարը, իրավահաջորդ դարձնելով Զուրաբյանին, թե՞ այլ լուծում են գտնում»,- գրում է թերթը: