23 հուլիսի 2005 - 09:26 AMT
ԲՈՒՇԻ ՎՐԱ ՆԵՏՎԱԾ ՆՌՆԱԿԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՉԻ ԵՂԵԼ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է արտասահմանյան որոշ ԶԼՄ-ների տարածված տեղեկությունը, թե մայիսի 10-ին Թբիլիսիում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ուղղությամբ նետված նռնակը հայաստանյան արտադրության է եղել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով, նռնակը չէր կարող արտադրված լինել Հայաստանում, քանի որ «ներկայումս Հայաստանում նռնակներ չեն արտադրվում»: Որոշ տեղեկություններով, նռնակների արտադրություն Հայաստանում եղել է անցած դարի 90-ականների սկզբներին, սակայն հետագայում արտադրությունը դադարեցվել է, քանի որ ձեռնտու չի եղել ու մեծ են եղել տեխնիկական ծախսերը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: