24 հունվարի 2013 - 14:36 AMT
ԱԳ նախարար. Հայաստանը կաջակցի աբխազական երկաթուղու վերագործարկման ծրագրին

Հայաստանը շահագրգիռ է աբխազական երկաթուղու վերագործարկման հարցում և հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանի՝ աջակցելու համար ծրագրի իրականացմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ևս մեկ անգամ հայտնեց այս հարցում Հայաստանի դիքորոշումը:

Հիշեցնենք, որ հարցը քննարկվել էր նաև հունվարի 17-ին Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպման ժամանակ: Հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ կառավարությունը պատրաստ է քննարկել երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը՝ շահագրգիռ բոլոր կողմերի ցանկության դեպքում:

Բիձինա Իվանիշվիլին հիշեցրել էր, որ Վրաստանը լարված հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, և երկաթուղու վերագործարկումը դիտարկվելու է այդ համատեքստում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին հայտնել էր, որ հայկական կողմը երկաթուղու վերագործարկման հարցում պրոակտիվ քաղաքականություն է իրականացնելու` հարցին արագ լուծում տալու նպատակով: