24 հունվարի 2013 - 18:33 AMT
Չորացված մրգերի և բանջարեղենի արտադրությունը Հայաստանում. Խնդիրներ և հեռանկարներ

Հայաստանի գյուղատնտեսական զարգացման սեկտորում գործող տեղի և միջազգային կազմակերպությունները դեռևս նախորդ տարի Երևանում ստորագրել են հուշագիր` Գյուղատնտեսական դաշինքի ստեղծման վերաբերյալ: Դաշինքը ստեղծվել է բրիտանական Oxfam և UNDP կազմակերպությունների հայկական գրասենյակի նախաձեռնությամբ: Դաշինքի ստեղծման նպատակը Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում առկա խնդիրների լուծումն է` համատեղ ագիտացիոն քարոզչությունների, տեղեկատվության և իրականացվող ծրագրերի վերաբերյալ փորձի փոխանակման միջոցով:

Դաշինքի աշխատանքի այսօրվա օրակարգում էին չորացրած մրգի և բանջարեղենի արտադրությամբ զբաղվող ընկերությունների աշխատանքի շղթայի վերլուծության, Հայաստանի գյուղատնտեսության այդ ռազմավարական ճյուղի զարգացման հետագա ուղիների որոնման խնդիրները:

Ինչպես ընդգծել է Oxfam հայկական գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, չորացրած մրգի և բանջարեղենի արտադրության և իրացման ոլորտի վերաբերյալ բարձրացրած հարցերը մեծ արձագանք են ստացել շահագրգռված կողմերից: Դաշինքի աշխատանքի ռազմավարությունը ուղղված է բնակչության եկամուտի ավելացմանն ու ֆերմերների ամրապնդմանը, հատկապես Հայաստանի հեռավոր համայնքներում: Նա նաև ընդգծել է, որ Դաշինքը պատրաստ է համագործակցության, դրան կարող են միանալ բոլոր շահագրգիռ կողմերը, որոնք Հայաստանում զբաղվում են գյուղատնտեսական ոլորտի զարգացմամբ:

Այժմ անդրադառնանք խնդիրներին, որոնք առկա են այդ շղթայում: Բիզնեսի աջակցման կենտրոնը` BSC-ը, ուսումնասիրել է ոլորտը և ներկայացրել զեկույց: Կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանի խոսքով, երկրում գործում է չրերի մոտ 5,500 արտադրող, որոնց կարելի է բաժանել 3 խմբի` 5400 փոքր արտադրող (տարեկան մինչև 1 տոննա), 100 միջին արտադրող (տարեկան 1-5 տոննա) և 21 խոշոր արտադրող (տարեկան 5 տոննայից ավելի): Չրարտադրության տեղական շուկայի մոտ 50 %-ը կազմում է տեղական արտադրանքը, իսկ 50 %-ը` ներմուծված արտադրանքը: Ըստ հետազոտության տվյալների` 2011-ին Հայաստան է ներմուծվել 1078 տոննա չիր/չամիչ: Մինչդեռ, ի տարբերություն ներմուծման խոշոր քանակի, արտահանման ծավալները բավական ցածր են եղել, մասնավորապես` 2011-ի ընթացքում ընդամենը 42 տոննա չիր է արտահանվել, հիմնականում` Իրան, Ուկրաինա, Ռուսաստան եւ փոքր քանակությամբ` Շվեյցարիա և Ֆրանսիա: Մինչդեռ Հայաստանում կան բոլոր նախադրյալները` չորացրած միրգն ու բանջարեղենը արտադրելու համար, ավելին, արտադրանքի մեծ մասն օրգանական է, չնայած որ համապատասխան սերտիֆիկատ չունի, արտադրվում է բարձրորակ հումքից, ոլորտը մեծ ներդրումներ չի պահանջում, իրացման շուկան անսպառ է, չրերն էլ օգտակար են: Սակայն ելնելով ազգային ավանդույթներից և հաշվի առնելով 2,5 մլն բնակչությունը` տարեկան մեկ մարդուն բաժին է ընկնում ընդամենը 800գ չիր, մինչդեռ Իտալիայում այդ ցուցանիշը կազմում է 25 կգ, Չեխիայում` 16, Շվեդիայում` 12, ԱՄՆ-ում` 1,2: Հետաքրքիր է այն, որ հանրապետության քաղաքացիները միանշանակ համոզված են, որ տեղական արտադրանքը ավելի լավն է ներկրվողից և մեծ է հենց դրա պահանջարկը: Սպառողները հաճախ տեղյակ չեն, որ տեղական բրենդի ներքո վաճառվում են Թուրքիայի և Իրանի չրերը: Ուստի առաջին հերթին անհրաժեշտ է կարգավորել տեղի շուկան և ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ` պրոպագանդել այդ մթերքի օգտակարությունը, որպեսզի չիպսերի և կրեկերների փոխարեն մայրերն իրենց երեխաների համար չիր գնեն: Դա կօգնի ներքին շուկայում պահանջարկն ավելացնել 3 անգամ:

Ինչ վերաբերում է արտահանման խնդիրներին, ապա դրանք հիմնականում առնչվում են միջազգային շուկայի` ծավալների վերաբերյալ պահանջներին: Հայաստանի փոքր ֆերմերային տնտեսությունները կարող են ապահովել մեծ քանակությամբ միատարր արտադրանք, ինչպես դա անում է Թուրքիան, որի արտադրանքը լիովին իրացվում է եվրոպական շուկաներում: Հայաստանում նաև չկան լաբորատորիաներ, որոնք կվերահսկեն արտադրանքի որակը, արտադրողին խանգարում է նաև սեզոնայնության գործոնը, կլիմայական պայմանների անկայունությունը, հումքի բարձր գինը և տեղական հումքից կախվածությունը:

Այնուամենայնիվ, միջազգային շուկաները բաց են հայկական բարձրորակ արտադրանքի համար, մեծ պահանջարկ է ներկայացնում Սփյուռքը; Դրա համար անհրաժեշտ է մշակել համակարգային ռազմավարություն` գյուղատնտեսության այդ ոլորտը զարգացնելու և միասնական բրենդով միջազգային շուկաներում հանդես գալու համար: Այս գործընթացում կարող է ներգրավվել նաև Արցախի հանրապետությունը, որը ևս հարուստ է մրգի և բանջարեղենի բարիքներով:

Ֆերմերային տնտեսությունների խնդիրների լուծմանը պետք է աջակցեն նաև միջազգային կառույցները, ինչպես նաև այն պետությունները, որտեղ չրերը կարող են մեծ սպառում ունենալ և էական պետական պատվիրող հանդիսանալ: Դրա համար կարելի է ստեղծել համակարգված կենտրոն, որը մարքեթինգային քաղաքականություն կիրականացնի` ինչ, երբ և որքան արտադրել, իսկ ֆերմերներն այդ ընթացքում զբաղվելու են միայն արտադրությամբ: