24 հունվարի 2013 - 17:28 AMT
Ստոմատոլոգները հանրահավաք կանեն

Հունվարի 26-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում տեղի է ունենալու համահանրապետական ստոմատոլոգների հանրահավաք: Հավաքվում են «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն դեմ ստոմատոլոգները: Նրանք օրենքի փոփոխությունների իրենց նախագիծն են առաջարկում: Այն ներկայացնում ենք առանց կրճատումների.

1. Վերացնել «բազկաթոռի հարկ» հասկացությունը. Մտցնել «բժշկի դրույքաչափ» հասկացությունը և հարկել բժշկի դրույքաչափը: (Ընդունված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքում հարկելով «անշունչ» ստոմատոլոգիական բազկաթոռը՝ ստիպված ենք կլինիկաներում զմրսել «ավելորդ» բազկաթոռները: Նոր առաջարկված տարբերակի դեպքում վերանում է դրա անհրաժեշտությունը: Տարբեր բազկաթոռներ ունեն տարբեր հագեցվածություն, և դա թույլ կտա բժիշկներին տարբեր բազկաթոռների վրա անկաշկանդ կատարել իրենց մասնագիտական պարտականությունները ըստ հայտարարագրված դրույքաչափի և մասնագիտության պահանջների):

2. Սահմանել նվազագույն դրույքաչափ 0,5 դրույք, կիրառել հարկադրույք 10000 ՀՀ դրամ:

3. Կիրառել գործակիցներ ըստ մասնագիտական ստաժի՝ 1-5 տարի ստաժի դեպքում՝ 0.5 գործակից (ՕՐԵՆՔՈՒՄ չէին խրախուսվում երիտասարդ բժիշկների մասնագիտական գործնեությունը):

4. Մասնագետներին հրամանագրել ըստ դրույքաչափերի, որտեղ 0,5 դրույքը հավասարեցնել 3 աշխատանքային ժամին: Պայմանագրի մեջ նշել կոնկրետ աշխատաժամերը, մասնագիտությունը, ենթադրվող մասնագիտական գործնեությունը(մանկական, թերապևտիկ, օրթոպետիկ, վիրաբուժական, օրթոդոնտիկ, իմպլանտոլոգիական, ընդհանուր ստոմատոլոգիական ընդունելություններ):

5. Կիրառել գործակիցներ՝ ըստ հայտարարագրված մասնագիտական գործնեության տեսակի(ՕՐԵՆՔՈԻՄ չէր դրվում տարբերություն, թե ինչ մասնագիտական գործունեություն է իրականացվում տվյալ աթոռի վրա և ինչ շահութաբերություն է այն ապահովում): Մենք առաջարկում ենք հետևյալ գործակիցները ըստ ստոմատոլոգիական գործունեության ոլորտների.

Ա) Մանկական ստոմատոլոգիա-0,5:

Բ) Թերապևտիկ ստոմատոլոգիա – 1:

Գ) Օրթոպեդիկ ստոմատոլոգիա -1.2:

Դ) Վիրաբուժական ստոմատոլոգիա – 1:

Ե) Օրթոդոնտիա – 1:

Զ) Իմպլանտոլոգիա – 1.3:

Է) Ընդհանուր ստոմատոլոգիա(առանց իմպլանտոլոգիայի)-1,3:

Ը) Ընդհանուր ստոմատոլոգիա ( ներառյալ իմպլանտոլոգիան)- 1,5:

6. Կիրառել տարածքային դասակարգման գործոն՝ ըստ կադաստրային գոտիների(ՕՐԵՆՔԻ համեմատ ավելի մանրակրկիտ մշակել):

7. Կիրառել զրոյական դրույքաչափ կլինիկական օրդինատորների և բժիշկ-ինտերների համար. կլինիկաները պետք է ներկայացնեն հիմանավորող փաստաթուղթ որևէ բժշկական ԲՈՒՀ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսումնապրակտիկ բազա հանդիսանալու վերաբերյալ:

8. Հարկել ատամնատեխնիկական լաբորատորիաները ըստ հրամանագրված ատամնատեխնիկների դրույքաչափերի. 3 աշխանքային ժամն ընդունել 0,5 դրույք, որի համար նշանակել 10000 ՀՀ դրամ հարկադրույք: Սույն դրույթը խրախուսում է ստոմատոլոգիական բուժման որակի բարձրացմանը և գործունեության տարածքային համամասնական զարգացմանը:

9. Վերահաշվարկել արտոնագրային վճարը ըստ օրերի՝ հրամանագրված բժշկի, ատամնատեխնիկի հիվանդության, արձակուրդի դեպքերում՝ համապատասխան հիմնավոր փաստաթղթերի առկայության պարագայում:

10. Հայտարարագրումն իրականացնել ամսվա սկզբում, վճարումն իրականացնել ամսվա վերջում՝ համապատասխանաբար հաշվի առնելով փաստաթղթերով հիմնավորված հանգստի, հիվանդության պատճառներով չաշխատած օրերի պարապուրդը: Օրենքի փոփոխությունների առաջարկվող նախագծը միանշանակ կավելացնի բյուջեի մուտքերը, քանի որ հիմնված է մասնագիտական համապարփակ վերլուծական եզրակացության և տնտեսական հաշվարկների վրա: Տվյալ նախագծում հաշվի է առնվում նաև բարոյահոգեբանական և բարոյաէթիկական գործոնները, որոնցով ընդուված ՕՐԵՆՔՈՒՄ բժիշկ-ստոմատոլոգները նույնականացվում են անշունչ առարկաների՝ ստոմատոլոգիական բազկաթոռների հետ: