24 հունվարի 2013 - 17:48 AMT
Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել Մարտակերտի շրջանում գյուղատնտեսության զարգացման համար

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին այցելել է քաղաք Մարտակերտ, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացման խնդիրներին:

Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ մեր հանրապետությունում Մարտակերտի շրջանը գյուղատնտեսության զարգացման համար ունի առավել բարենպաստ պայմաններ: Այստեղ առկա է հսկայական հողային և ջրային ներուժ, շրջանում բուռն տեմպերով զարգանում է հանքարդյունաբերությունը, որը հանդիսանալով բավականին աշխատատար ոլորտ, ստեղծում է գյուղատնտեսական ապրանքների սպառման լավ հնարավորություններ: Ըստ երկրի ղեկավարի, սա ինքնին մեծ խթան է բնագավառի զարգացման համար:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ այս ամենը պատշաճ կերպով օգտագործելու համար անհրաժեշտ է համակարգված և քրտնաջան աշխատանք` հավելելով, որ հանրապետության իշխանությունները կշարունակեն ուշադրության կենտրոնում պահել շրջանի զարգացման խնդիրները:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների ճիշտ կազմակերպման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, շրջվարչակազմի ստորաբաժանումների և համայնքների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: