24 հունվարի 2013 - 18:03 AMT
Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը կազմակերպում է 2013թ.Բըրնսի ընթրիքը

Արդեն տասնհինգ տարի շարունակ Հայաստանում կազմակերպվում է Բըրնսի ընթրիք, նվիրված շոտլանդացի հայտնի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսին: Երեկույթի նպատակը ոչ միայն ներկաների համար ուրախ ժամանց կազմակերպելն է, այլև բարեգործական նպատակներով գումար հավաքագրել: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից:Բըրնսի ընթրիքը շոտլանդացիների համար ազգային տոնի արժեք ունի և ամեն տարի հունվարի վերջին նշվում է աշխարհի տարբեր երկրներում: Ընթրիքի առանցքը շոտլանդական յուրահատուկ «հագիս» ուտեստն է, որը ավանդաբար Շոտլանդիայից Հայաստան է ժամանում Բըրնսի ընթրիքից մի քանի օր առաջ՝ հագիս պատրաստող խոհարարի և շոտլանդացի պարկապզուկահարի ուղեկցությամբ:

Այս տարի ևս շոտլանդական պարկապզուկի ուրույն երաժշտության ներքո «հագիս» ուտեստը, ըստ ավանդույթի, հանդիսավոր կերպով հանձնվեց Մեծ Բրիտանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Քեթրին Լիչին: Բարեգործական ընթրիքը տեղի կունենա հունվարի 26-ին: Կազմակերպիչները նախատեսում են հանգանակություն ձեռք բերել կարիքավորներին օգնելու համար: Անցյալ տարի Բըրնսի ընթրիքի ընթացքում հաջողվել է հավաքագրել 6.5մլն ՀՀ դրամ, որն ուղղվել է տարբեր բարեգործական ծրագրերի: