24 հունվարի 2013 - 18:27 AMT
Հանրային ճնշումը Հայաստանում կարող է փոփոխությունների բերել

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր տեղի է ունեցել հերթական սեմինար-քննարկումը, որի թեման էր՝ «Ընտրություններ-2013. ոչ սովորակա՞ն իրավիճակ»: Հրավիրված էին խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետող վերլուծաբաններ, քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ եւ լրագրողներ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՌԱՀՀԿ-ից:

ՌԱՀՀԿ գիտական տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ նշել է, որ ընդհանուր առմամբ ողջ ընտրական գործընթացի ամբողջականության վերաբերյալ հասարակական կարծիքը և ընտրություններից հանրության ակնկալիքները ընտրական գործընթացի օրինականությունը խաթարող և հասարակության մեջ թերահավատություն սերմանող գործոններն են: «Ընտրական գործընթացի հանդեպ՝ իբրեւ փոփոխության գործիքի, հանրային անվստահության ու անտարբերության պայմաններում հասարակությունը միայնակ է թողնված իշխող վարչակարգի դեմհանդիման», -ասել է նա:

Քննարկման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Սնդրադարձել են ընտրական գործընթացի մրցակցայնությանն առնչվող հարցերին, ընդգծել, որ վարչական մեքենայություններն ու լրատվական դաշտում առկա աղավաղումները նպաստում են ընտրական գործընթացի նկատմամբ թերահավատության ձևավորմանը:

Հղում անելով այլ երկրների պատմական փորձին՝ Էդգար Վարդանյանը նշել է, որ քաղաքացիական ակտիվիստների և ընդդիմադիր շարժումների միջև խաղի կանոնների փոփոխությանն ուղղված գործակցությունը ցանկալի փոփոխությանը միտված քաղաքական արշավի կարևոր բաղադրիչ է: Արմեն Մարտիրոսյանն իր հերթին նշել է քաղաքացիական ակտիվիզմի և հանրային ճնշման կարևորությունը, որոնք ի հակադրություն բոյկոտի՝ Հայաստանի քաղաքական դաշտում փոփոխություններ իրականացնելու գործուն միջոց կդառնան:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան և Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետևելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող և միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության և ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը: