Օdnoklassniki.ru-ով հափշտակել է 327 000 դրամ. ավարտվել է քրգործի նախաքննությունը

Օdnoklassniki.ru-ով հափշտակել է 327 000 դրամ. ավարտվել է քրգործի նախաքննությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է Ա. Բախտիարյանի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղի բնակիչ Ա. Բախտիարյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով դատապարտված լինելով ազատազրկման 3 տարի 3 ամիս ժամկետով, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում իր կողմից ապօրինի օգտագործվող բջջային հեռախոսով ծանոթացել է Սիսիան քաղաքի բնակչուհի Ն. Մ.-ի հետ: Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Բախտիարյանը բջջային հեռախոսով մուտք է գործել համացանցի «odnoklassniki.ru» սոցիալական կայք, ստեղծել է «Հարութ Առաքելյան» անվամբ անհատական էջը` ներկայանալով որպես «Գորիս» քրեակատարողական հիմնարկի «Նյուվադի» տեղամասի դատապարտյալ:

Այնուհետեւ կայք-էջի և հեռախոսազրույցների միջոցով Ն.Մ.-ի հետ շփման ընթացքում խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ 2012թ. մարտի 26-ին եւ 27-ին նրանից հափշտակել է 327 000 դրամ գումար:

Մասնավորապես` Ա. Բախտիարյանը, ներկայանալով «Հարութ Առաքելյան» կեղծանվամբ, Ն. Մ.-ի հետ ստեղծել է կեղծ մտերմիկ հարաբերություններ և չարաշահելով նրա վստահությունը` պահանջել է բջջային հեռախոսի լիցքավորման 20 քարտ` ՔԿՀ ղեկավարներին տալու պատրվակով:

Ն. Մ.-ն, գնելով 1000 դրամ արժողությամբ 20 հատ լիցքավորման քարտ, դրանց տվյալները «odnoklassniki.ru» կայքի` իր անհատական էջով հաղորդագրության միջոցով ուղարկել է Ա. Բախտիարյանին:

Պարզվել է նաև, որ Ա. Բախտիարյանը քրեակատարողական հիմնարկից վաղաժամկետ ազատվելու հարցը լուծելու պատրվակով, վստահությունը չարաշահելով, գումարը վերադարձնելու պայմանով Ն. Մ.-ից պահանջել է 1000 ԱՄՆ դոլար, որից Ա. Բախտիարյանին է փոխանցվել մի մասը` 170 000 դրամը:

Բացի այդ, Ա. Բախտիարյանը պահանջել նաեւ, որ Ն. Մ.-ն իր կողմից նշված հեռախոսահամարների հաշվին փոխանցի 137 000 դրամ գումար: Իր մտադրությունն իրագործելուց հետո Ա. Բախտիարյանը կայքի` իր անհատական էջից հանել է Ն. Մ.-ի տվյալները եւ անջատել հեռախոսահամարները:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Բախտիարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---