25 հուլիսի 2005 - 08:51 AMT
ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ «ԻՄՊԵՐԻԱԼԻՍՏՆԵՐԻ ՍՈՒՏ»
Թուրքիայի Աշխատանքի կուսակցության նախագահ Դողու Պերինչեկը Հայոց ցեղասպանությունը անվանել է «իմպերիալիստների սուտ», հաղորդում է Blick onlaine: Դողու Պերինչեկը իր հայտարարությունն արել է Լոզանի պայմանագրի 82-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ: Այդ հայտարարության համար Պերինչեկը բերման է ենթարկվել ոստիկանություն, որտեղից նրան բաց են թողել երեքուկես ժամ տեւած հարցաքննությունից հետո միայն: Հիշեցնենք, որ Ցեղասպանության հասարակական մերժումը Շվեյցարիայում դիտվում է որպես քրեորեն պատժելի հանցանք: Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը Պերինչեկի հետ տեղի ունեցածը անվանել է անընդունելի եւ հակասող կարծիք հայտնելու ազատության սկզբունքին: Նշենք նաեւ, որ Լոզանի պայմանագրի 82-րդ տարեդարձի հետ կապված միջոցառմանը որոշել էր չմանսակցել Թուրքիայի պատմագիտության միության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն, որի նկատմամբ Շվեյցարիայի դատական մարմինները մայիսին քրեական գործ էին հարուցել` Հայոց ցեղասպանությունը մերժելու համար: